ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Արեւմուտքի վերջնական նպատակն անվանել է միաբեւեռ աշխարհի վերածնունդը: Արեւմուտքը ցանկանում է զսպել ցանկացած մրցակցի, հիմա դա Ռուսաստանն է, հաջորդ թիրախը կարող է լինել Չինաստանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կասկած չկա, որ կանոններից մեկը, որը ցանկանում է կիրառել Արեւմուտքը, ցանկացած մրցակցի զսպումն է։ Հիմա ահա Ռուսաստանն է, հաջորդը հայտարարված է Չինաստանը, կամ այդ ամենը զուգահեռաբար տեղի կունենա։ Եւ կանոնների վրա հիմնված այս աշխարհակարգի նպատակը ոչ այլ ինչ է, քան միաբեւեռ աշխարհի ամբողջական վերածնունդը»,- ասել է նա չորեքշաբթի օրը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտում իր ելույթի ժամանակ:

Լավրովի խոսքով՝  աշխարհում տեղի ունեցողը վերաբերում է ոչ միայն ու ոչ այնքան Ուկրաինային, դա նոր աշխարհակարգ ստեղծելու փորձ է։

«Այն, ինչ հիմա կատարվում է աշխարհում, իհարկե, ոչ միայն եւ ոչ այնքան Ուկրաինային է վերաբերում. դա նոր կարգ ձեւավորելու փորձի մասին է»,- ընդգծել է նա։

«Շատ տարիներ՝ տասը տարի առաջ մեր արեւմտյան գործընկերները սկսեցին «միջազգային իրավունք» տերմինի փոխարեն, որի կատարմանը միշտ կոչ են արվել ՄԱԿ-ի գոյության բոլոր տարիների ընթացքում, միջազգային իրավունքը հարգելու կոչերի փոխարեն նրանք սկսեցին բոլորից պահանջել պահպանել կանոնների վրա հիմնված աշխարհակարգը, հարգել կանոնների վրա հիմնված աշխարհակարգը, հետեւել այդ կանոններին: Ոչ ոք ոչ մեկին կանոններ չի ներկայացնում, քանի որ դրանք գոյություն չունեն»,- իրավիճակը նկարագրել է Լավրովը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար նման կանոնները նորովի են գրվում, գրվում են արեւմտյան երկրների նեղ շրջանակում, որոնք հետո այն որպես վերջին ինստանցիայի ճշմարտություն են ներկայացնում եւ պահանջում են բոլորից հետեւել այդ կանոններին։

Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինան որպես Ռուսաստանի ինքնուրույնությունը ճնշելու գործիք է ընտրվել։

«Նպատակը Ռուսաստանին զսպելն էր, ինչպես նաեւ՝ ցանկացած այլ երկրի, որն իրեն քիչ թե շատ ինքնուրույն է պահում համաշխարհային ասպարեզում։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի քաղաքականության ռուսական ուղղությանը, ապա Ուկրաինան որպես Ռուսաստանի ինքնուրույնությունը ճնշելու գործիք է ընտրվել»,- հայտարարել է նա։