Սարդերը հիմնականում ապավինում են իրենց շոշափելիքի զգացողությանը: Նրանց մարմինն ու թաթիկները պատված են մանր մազիկներով, որոնք զգայուն կերպով որսում են տարբեր տեսակի վիբրացիաները, հայտնում է Nat-geo-ն։

Կպչուն սարդոստայնում անօգնական թպրտացող որսը վիբրացիայի մի տեսակ է: Մեկ այլ սարդ, որը մտել է ուրիշի սարդոստայնի մեջ, բոլորովին այլ կերպ է «թրթռում»։ Քամու շունչը ցնցում է սարդոստայնը երրորդ ձեւով: Այս դեպքում սարդոստայնի յուրաքանչյուր թելիկ իր տոնն է արտադրում:

Մի քանի տարի առաջ գիտնականները սարդոստայնի եռաչափ կառուցվածքը վերածել են երաժշտության։ Նկարիչ Թոմաս Սարացենոյի հետ աշխատելով՝ ստեղծել են ինտերակտիվ երաժշտական գործիք, որը կոչվում է «Սարդի կտավ»:

Հետագայում թիմը բարելավել է նախորդ աշխատանքը՝ ավելացնելով ինտերակտիվ վիրտուալ իրականության բաղադրիչ, որը թույլ է տվել մարդկանց փոխազդել սարդոստայնի հետ: Այս ուսումնասիրությունը, ըստ թիմի, ոչ միայն կօգնի իրենց ավելի լավ հասկանալ սարդոստայնի 3D ճարտարապետությունը, այլ նաեւ կօգնի մեզ սովորել սարդերի «վիբրացիոն լեզուն»:

Ինչպե՞ս եք պատկերացնում սարդոստայնը: Ամենից հաճախ՝ որպես հարթ նրբաբլիթ՝ կենտրոնից արձակվող ճառագայթ-թելիկներով: Սակայն սարդոստայնների մեծ մասը կառուցված է եռաչափ եւ շատ ավելի բարդ է:

Սարդոստայնի այս տեսակի կառուցվածքն ուսումնասիրելու համար հետազոտողների թիմը Cyrtophora citricola արեւադարձային սարդին դրել է ուղղանկյուն տուփի մեջ եւ սպասել, որ այն լրացնի դրա տարածքը եռաչափ ցանցով: Այնուհետեւ նրանք լազեր են օգտագործել՝ սարդոստայնի երկչափ ուղղահայց թելիկները լուսավորելու եւ հստակ պատկեր ստանալու համար:

Հաջորդ փուլում հատուկ մշակված ալգորիթմը հավաքել է սարդոստայնի եռաչափ կառույցը այս երկչափ ուղղահայց հատումներից: Այդ ամենը երաժշտության վերածելու համար տարբեր ձայնային հաճախականություններ բաշխվել են տարբեր լարերի վրա: Այդպիսով ստացված նոտաները հնչել են սարդոստայնի կառուցվածքի վրա հիմնված շաբլոններով։