Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի շրջանում ադրբեջանական զինուժի առաջխաղացման մասին ապատեղեկատվության տարածման համար«հինգերորդ շարասյունն» է մեղավոր։ Այս մասին մարտի 23-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցերին եւ գործնականում մեղադրելով նրան։

Պաշտպանության նախարարի խոսքով՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը լիովին վերահսկում է իրավիճակը։

«Ո՞վ ասաց, որ պաշտպանության նախարարությունը չգիտեր Ադրբեջանի ԶՈւ դիրքերի մասին։ Կամ որ մենք սահմանների ու դիրքերի մասին տեղեկատվությանը չենք տիրապետում։ Այսինքն ինչ, ամեն ինչ հրապարակա՞վ պիտի ասվի։ Դա ձեր մոտեցումն է՝ հնչեցնել այն, ինչը հրապարակել պետք չէ։ Սա «հինգերորդ շարասյան» արածն է: Ստիպում են համայնքի ղեկավարին ասել, որ իր ղեկավարած համայնքը ջրից զրկված է, մինչդեռ այն շարունակում է ջուր ստանալ, բայց մյուս կողմից»,- դժգոհեց նախարարը՝ չպատասխանելով հարցին։

Պապիկյանը քննադատեց «հինգերորդ շարասյանը»՝ ասելով, որ նա ի վիճակի չէ տարբերել Ներքին Հանդ նոր գյուղը հնից՝ տարածվող հաղորդագրությունները մանիպուլյացիա անվանելով։

Նա նաեւ դժգոհություն հայտնեց հասարակական գիտակցության եւ ըմբռնման բացակայության կապակցությամբ՝ ասելով, թե ամեն ինչ չէ, որ կարելի է օգտագործել իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար։

Նախարարն ամաչում է բոլոր նրանց համար, ովքեր փորձում են ակնհայտ կեղծիքը հասարակությանը ապակողմնորոշելու համար օգտագործել։ Նա հայտարարեց, որ ուշադրությունը պետք է կենտրոնացնել այն քննարկումների վրա, թե ինչպես կարելի է կանխել նշված միջադեպերը։

«Պետք չէ սեփական բանակն ու մեր զինվորի սխրանքը ցեխի հետ խառնել»,- կոչ արեց Պապիկյանը։