Արաբկիրի ոստիկաններն ամեն օր են պայքարում ապօրինի թմրաշրջանառության դեմ, բայց արդյունավետության առումով հատկապես աչքի ընկավ մարտի 16-ը: Այդ օրը բացահայտվեց ապօրինի թմրաշրջանառության վեց դեպք։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողները Արաբկիր վարչական շրջանի տարբեր հատվածներից բաժին բերման ենթարկեցին տարբեր տարիքի տղամարդկանց՝ բոլորն էլ Երևանի բնակիչներ։

Նրանց խուզարկություններով հայտնաբերվեցին տարբեր քաշով մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման և մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ։

Բոլոր դեպքերով նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են: Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը շարունակվում է։