Ադրբեջանը ոչ մի կերպ չի կիսում Հայաստանի խաղաղության օրակարգը. Աղաջանյան
Կուլիսային որեւէ գործընթաց չկա եւ բացառվում է, որ լինի: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից կետանոց առաջարկների հրապարակմանը հաջորդած գործընթացներին:
Նա համոզմունք հայտնեց, որ այդ 5 կետերին հայկական կողմի պատասխանը եւ Արցախում ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողություններն ուղիղ կապ ունեն իրար հետ. «Կարծում եմ՝ ժամանակագրությունը եւս խոսում է: Եթե չեմ սխալվում ՀՀ ԱԳ նախարարի կողմից արտահայտած դիրքորոշումն առ այն, որ ադրբեջանական կողմի առաջարկությունները, ըստ էության, ընդունելի են հայկական կողմից համար, այլ բան, որ դրանք ամբողջությամբ չեն հասցեագրում համապարփակ խաղաղության օրակարգը, որի արդյունքում հնարավոր կլինի խաղաղության, եւ որի արդյունքում հայկական կողմը լրցրել է հարցերի շրջանակը եւ առաջարկի տեսքով ուղարկել ադրբեջանական կողմին, ահա այս հայտարարության նույն օրը երեկոյան (մարտի 21-ին) ադրբեջանական կողմը փակում է գազը եւս մեկ անգամ: Կարծում եմ՝ սա բավականին խոսում օրինակ է առ այն, որ այն խաղաղության օրակարգը, որի սպասարկմանը միտված է ՀՀ իշխանությունների գործունեությունը, ոչ մի կերպ չի կիսում Ադրբեջանը, չնայած որ հրապարակային խոսույթում Ադրբեջանը միջազգային հանրության առաջ ներկայանում է որպես խաղաղության հաստատման ջատագով ու կողմնակից: Գործնականում մենք տեսնում ենք ուղիղ հակառակ գործողություններ: Կապը, կարծում եմ՝ շատ ուղիղ է»,-հայտարարեց նա:
Պատգամավորի խոսքով՝ այն, ինչ կատարվում է Ղարաբաղում, սադրանք է, որն ուղղված է այդ օրակարգի արժեզրկմանը: Երեւանը, ըստ նրա, Բաքվի առաջարկները որպես նախապայման չի դիտարկում, այլ նոր օրակարգի ձեւավորմանն ուղղված նախաձեռնություն է համարում։
«Իսկ եթե դա այդպես չլինի, ես ստիպված կլինեմ հիշեցնել մեր բազմիցս հնչեցրած հայտարարություններն այն մասին, որ ցանկացած նախապայման անընդունելի է հայկական կողմի համար»,- նշեց հանձնաժողովի նախագահը։











