Հավաքական անվտանգության տարածաշրջանում անվտանգային ամբողջ համակարգը բավականին լուրջ վիճակում է գտնվում, աշխարհաքաղաքական իրավիճակը բավական բարդ է եւ ցանկացած լարման օջախ ազդելու է հավաքական անվտանգության տարբեր սահմանների եւ սահմանակից երկրների վրա: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Դրա համար մենք յուրաքանչյուր պահի պետք է սպասենք ռազմական գործողությունների ու պատերազմի: Այդ ուղղությամբ ՀՀ իշխանությունների քայլերը չափազանց դանդաղ են: ՀՀ զինված ուժերը, Արցախի ՊԲ-ն բավական լուրջ ճանապարհ են անցել եւ նրանք ամենաունակն են այսօր վերականգնվելու, առաջ միջոցառումներ ձեռնարկելու, որ շարունակեն հանդիսանալ մեր ժողովրդի անվտանգության երաշխավորը: Դրա համար նրանք պետք է հրամաններ ստանան, զարգացման բարեփոխումների պլաններ կազմեն եւ գնան դա իրականացնելու»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, այն, որ Ադրբեջանի զինծառայողները հայտնվել են Արցախում ու նաեւ Հայաստանի սահմաններից ներս, խոսում է այն մասին, որ այս իշխանությունները չեն հաշվարկում, թե որոնք են առաջնահերթություններն անվտանգության ապահովման համար:

Նախկին նախարարի ներկայացմամբ մենք պետք է պատրաստ լինենք, որ Ադրբեջանը կարող է փորձել ուժով Սյունիքում միջանցք բացել. «Ցանկացած քայլ թուրք-ադրբեջանական տանդեմից սպասելի է: Մեր խնդիրը ոչ թե այն է, որ ավելացնենք ոստիկանական զորքերը երկրի ներսում տարբեր պաշտոնյաների աթոռները պահելու համար, այդ նույն գործընթացը իրականացնենք ՀՀ սահմաններին: Խելացի մարդը առաջին հերթին տան պարիսպն է փակում»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նա նկատեց, որ ներկա իրավիճակում հայկական բանակն ի վիճակի չէ միայնակ մեր անվտանգությունն ապահովելու. «Դա նշանակում է, որ միջազգային երաշխիքների օգտագործումը գերակա քայլերից մեկն է, բայց միաժամանակ պետք է քայլեր կատարվեն բանակի վերականգնման ուղղությամբ»: