Արցախի Քառօրյա պատերազմում լուրջ վիրավորում ստացած Դանիել Դավթյանը, դեռ լիովին չապաքինված, 44-օրյա պատերազմին մասնակցելու ցանկություն է հայտնել. երբ զինկոմիսարիատից հրաժարվել են նրան պահեստազորայինների կազմում ռազմաճակատ ուղարկել, մեկնել է ընկերների հետ։
«Ամսի 28-ին փոքր եղբորս զինկոմիսարիատը տարավ, հենց էդ օրն էի ուզում գնայի։ Կանգնել էի ավտոբուսի մեջ, ասում էի՝ չէ, որ չէ, ինձ էլ տարեք։ Զինկոմիսարիատի պետը մոտիկացավ՝ բա, չէ, քեզ չենք կարա տանենք, դու քո բաժինն արել ես։ Բայց ես չհանգստացա։ Ընկերներս երեկոյան զանգեցին՝ բա գնում ենք Ղարաբաղ, ասեցի՝ առանց ինձ տեղ չգնաք։ Վեր կացա, մի անգամ չմտածելով՝ հետս ինչ կլինի, միանգամից գնացի Ղարաբաղ։ Ճիշտ ա, շատ չկարողացա մնալ ու գործողություն չհասցրի անել, բայց ինչով կարողացա, տղերքին օգնեցի. այստեղից սնունդ, հագուստ, պարագաներ եմ տարել ընկերներիս հետ»,- այսօր՝ ապրիլի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դանիելը, որը Քառօրյա պատերազմի 6-րդ տարելիցի կապակցությամբ այցելել էր Եռաբլուր՝ զոհերի շիրիմներին։
44-օրյա պատերազմի ժամանակ առաջնագծից Դանիելը վերադարձել է ոգեւորված, վստահ լինելով, որ հաղթելու ենք։
«Դուք պետք ա իրենց տեսնեիք էնտեղ, թե ինչ ոգեւորությամբ էին կռվում, մեջները մի կաթիլ վախ չկար։ Ես միայն հաղթանակի մասին եմ մտածել ու տղերքին էլ քառօրյայից եմ պատմել»,– նշեց նա։
Դանիելը Քառօրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող է եղել, կռվել է Մատաղիսի դիրքերում։ Ապրիլի 4-ին գանգուղեղային վիրավորում է ստացել, ինչի հետեւանքով մոտը հենաշարժողական համակարգի խնդիրներ են առաջացել։ Այժմ Դանիելը ինքնուրույն քայլում է, սակայն դեռ վերականգնողական բուժում է ստանում «Զինվորի տուն» կենտրոնում։ Նրա պես Քառօրյայի բազմաթիվ մասնակիցներ դեռ լիովին չեն ապաքինվել ստացած վիրավորումներից։











