Նիկոլ Փաշինյանը պետք է ազնիվ լինի եւ անկեղծորեն ընդունի, որ մենք ճիշտ էինք, երբ ասում էինք, որ նա ունակ չէ, ի վիճակի չէ բանակցել։ Նոյեմբերի 9-ից հետո մենք ասում էինք, որ պարտված կողմը չի կարող շարունակել որեւէ համաձայնագիր կնքել հաղթող կողմի հետ, առավել եւս խաղաղության համաձայնագիր կնքել։ Սա նույնպես օբյեկտիվորեն անհնար է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Միանշանակ, մի հանրահավաք չի լինելու, եւ անկեղծորեն ասում եմ ձեզ, եւ նույնիսկ, հնարավոր է, կարող եմ հիասթափեցնել շատ համաքաղաքացիների, բայց մեկ-երկու հանրահավաքով հնարավոր չէ հասնել այն նպատակներին, որ դրել ենք մեր առջեւ։ Այսինքն՝ մի հանրահավաքով հնարավոր չէ հասնել իշխանափոխության։ Ես անկեղծ եմ ասում եւ ուզում եմ ասել, որ դժվար է լինելու, հեշտ չի լինելու։ Նիկոլ Փաշինյանը հեշտությամբ չի զիջի իր իշխանությունը։ Նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանն իմանա, որ իր հրաժարականով կարող է ժամանակ շահել կամ խախտել խաղացողների կամ Ադրբեջանի հաշվարկները, ես վստահ եմ, որ դրան չի գնա»,- ասաց պատգամավորը։

Մեկնաբանելով իշխանափոխության հավանականությունը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչը նշեց, որ դա երկար գործընթաց է լինելու։

«Եվ ամենակարեւորը, դա պետք է ծանր աշխատանք լինի: Եվ երբ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի դժգոհում է իր սոցիալական վիճակից, անարդարությունից, տեսնում է մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները, պետք է հասկանա, որ իրավիճակը փոխելու հարցում իր ներդրումը պետք է ունենա։ Մենք պետք է առաջացնենք այս գիտակցությունը, եւ շղթայական ռեակցիայով մեր քաղաքացիները պետք է իրենց իրավիճակի, երկրի տերը զգան եւ հասկանան, որ իրենք կարող են փոխել իրավիճակը, իսկ մենք կարող ենք իրավիճակը փոխել միայն մեր համախմբվածությամբ։ Մենք բոլոր քաղաքական, հասարակական միավորներին, մասնավոր անձանց կոչ ենք անում այս հանրահավաքի տերն ու մասնակիցը համարել իրենց։

Ամեն ինչ հնարավոր է, եւ մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի, որպեսզի հասնենք մեր առջեւ դրված նպատակների իրականացմանը։ Երբ ասում եմ «մենք», նկատի չունեմ ընդդիմությանը, նկատի ունեմ դժգոհ հայ հասարակությանը»,- նշեց նա։