Քառօրյա պատերազմում զոհված հադրութցի փոխգնդապետ Ռոման Պողոսյանի գերեզմանը մնացել է ադրբեջանցիների օկուպացրած հատվածում. ընտանիքն արդեն երկու տարի է՝ պատերազմի տարելիցին նրա հիշատակը հարգում է Եռաբլուրում`այնտեղ հանգչող Քառօրյայի զոհերի շիրիմներին ծաղիկներ դնելով:

«Մենք այս օրը այցելում ենք այստեղ, մի պահ պատկերացնում ենք, որ մեր հարազատի գերեզմանին ենք այցելել։ Մեր շրջանը, մեր պապենական գերեզմանները, մեր օջախները, ամեն ինչ մնաց թշնամու վերահսկողության տակ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց փոխգնդապետի եղբայրը` Արման Պողոսյանը, որը փոխգնդապետի ընտանիքի հետ այսօր՝ ապրիլի 2-ին, այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն։

Ռոման Պողոսյանը Ապրիլյան պատերազմի ժամանակ Ջաբրայիլում էր ծառայում, զորամասի հրետանու պետն էր։ Նա բանակում էր ծառայել 18 տարի։ 2013-ից 2015 թվականներին ուսանել եւ գերազանցությամբ ավարտել էր Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիան։ Ռոման Պողոսյանը Ջաբրայիլի զորամասի հրետանու պետ էր նշանակվել 2015 թվականից։

Փոխգնդապետը զոհվել է պատերազմի հենց առաջին օրը՝ հարձակման ենթարկված ժամկետայիններին օգնության հասնելիս։ Նրա մարմինը ադրբեջանցիները փոխանցել են զոհվելուց շուրջ 10 օր անց՝ նրա ծննդյան օրը։

Պողոսյանները Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղից են։ Պատերազմի ժամանակ ստիպված լքել են գյուղը՝ չպատկերացնելով, որ չեն վերադառնալու։

«Չէինք ուզում դուրս գալ, նենց ստացվեց, որ մի օր շուտ բերում են մեքենաներն, ասում՝ դուրս եկեք, թուրքերն արդեն գյուղի վերևն են, Հադրութը վերցրել են։ Էնքան չեմ ֆայմել, չեմ պատկերացրել, որ էլ հետ չեմ գալու, որ գոնե իմ էրեխու նկարները, մեդալները վերցնեի։ Հիմա էլ գերեզմանն ենք թողել, ո՞ւր գնամ ես էսօր»,– NEWS.am-ի հետ զրույցում նշեց զոհված փոխգնդապետի մայրը՝ Էլմիրա Պողոսյանը։

Ռոման Պողոսյանը 3 զավակ ունի։ Տեղահանվելուց հետո նրանք ժամանակավորապես բնակվում են Հայաստանում։