Այսուհետ հանդուրժելու տեղ չունենք, չենք հանդուրժելու ո՛չ մեր երկրի բզկտմանը, ո՛չ էլ բզկտողներին, այս մասին «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» խորագրով Երևանի Ազատության հրապարակում ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կազմակերպած հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
«Ես ուզում եմ դիմել մեր քույրերին և եղբայրներին, որոնք չեն միացել մեզ։ Արդյո՞ք նրանք գիտակցում են, որ մեր երկիրը ծայրահեղ վտանգված է։ Արդյո՞ք գիտակցում են, որ հարցը արդեն միայն Արցախին չի վերաբերում։ Այսօրվա հանրահավաքի նպատակներից մեկը զանգ խփելն է»,– ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ գրեթե մեկ տարի է, ինչ Ադրբեջանը գտնվում է Հայաստանի սուվերեն տարածքում, և որևէ մեկն այսօր այս երկրում չի կարող երաշխիք տալ, որ իրենց մտքով չի անցնի ավելի խորանալ կամ այլ տեղերից մտնել Հայաստանի սուվերեն տարածք՝ չհանդիպելով որևէ դիմադրության։
«Եվ այսօր սյունեցին առաջինն է դա տեսնում իր աչքերով, իր մաշկի վրա զգում է ամեն օր, իր պատուհանից տեսնում է թշնամուն, ամեն օր վախուսարսափով իր երեխային ուղարկում է դպրոց, գնում է խանութ սննդի հետևից անանցանելի ճանապարհներով։ Եվ սյունեցին, ինչպես նաև արցախցին այսօր մենակ է և չի կարող հասկանալ, թե իրեն ով է պաշտպանում։ Իսկ Ադրբեջանը շարունակում լկտիանալ և նրա ախորժակը գրգռվում է»,– ասաց նա։
Վահե Հակոբյանը նշեց, որ Ադրբեջանն այնքան է լկտիացել, որ արդեն Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում ոտնձգություններ է սկսել արցախցիների նկատմամբ, հոգեբանական ճնշումների է դիմում և ստեղծել է հումանիտար աղետ, պարտադրում է մեր հայրենակիցներին, որ լքեն իրենց տները։
«Իսկ ի՞նչ է անում Նիկոլը։ Ինքը շարունակում է խաղաղության դարաշրջանի իր կեղծ օրակարգը բերել առաջին պլան։ Ադրբեջանը հայ-ադրբեջանական համաձայնագրի հիմքում պարտադրում է՝ Թուրքիայի ձեռքը բռնած, որպեսզի իրենց առաջարկած հինգ կետերը լինեն այդ համաձայնագրի հիմքում։ Հինգ կետ, որոնք վերլուծաբան պետք չէ լինել, որպեսզի հասկանաս, որ դրանք միայն Ադրբեջանի շահերից բխող կետերն են»,– ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ մեր կառավարությունը, սրան ի պատասխան, մի քանի ասպեկտներ է մտցնում։ Առաջին՝ Արցախի ժողովրդի անվտանգության հարցն է։ Ըստ նրա՝ խոսքը ժողովրդի անվտանգության մասին է, ոչ թե Արցախի անվտանգության, պետականության։
«Երկրորդ ասպեկտը՝ կարգավիճակ։ Ոչ թե ինքնորոշման իրացման, ինքնորոշման իրավունքի, այլ՝ կարգավիճակի։ Այստեղ էլ է չէ՞ պարզ, որ Ադրբեջանի կազմում էլ կարող է այդ կարգավիճակը լինել։ Հետո հայտարարում են, որ այդ ամեն ինչը ԵԱՀԿ Մինսկի խմբին են փոխանցել և փորձում են բանակցություններ վարել։ Ինչի՞ համար են փոխանցել, չե՞ն հասկանում, որ Մինսկի խումբը Արցախի կարգավորման հիմնախնդիրն է լուծում, ոչ թե հայ–ադրբեջանական խաղաղության բանակցությունները»,– ասաց նա։
Վահե Հակոբյանը նաև նշեց, որ ՀՀ իշխանությունները կատարում են Թուրքիայի բոլոր պահանջները։ «Ի վերջո, ո՞ւմ շահերն է սպասարկում Նիկոլ Փաշինյանը իր հետևորդների հետ։ Վաղը մեր սերունդը մեզ հարցնելու է՝ լավ ապրելը որն է, երբ չունենք սկզբո՞ւնք, ոչ ունենք արժեք, ոչ էլ ունենք հայրենիք։ Մեր երկիրն այսօր հանել են աճուրդով վաճառքի, իսկ աճուրդով վաճառքի հանած երկիրը չի կարող լավ ապրել, որովհետև տեղ չի ունենալու ապրելու»,– ասաց նա։
Վահե Հակոբյանը նշեց, որ կարևոր չի այն, թե Փաշինյանը վաղը Բրյուսելում ինչ փաստաթուղթ է ստորագրելու, քանի որ միևնույն է, նա խախտելու է բոլոր պայմանավորվածությունները։
Եզրափակելով իր խոսքը պատգամավորն ասաց, որ այսօրվա հավաքը Հայաստանի, Արցախի, Սփյուռքի, հայության համար է, լինելու կամ չլինելու մասին է։











