«Հայաստան, ոտքի հանուն Արցախի». այս խոսքերով սկսվեց խորհրդարանական ընդդիմության՝ Արտաշատում նախաձեռնած ակցիան, որի նպատակն էր երթով շարժվել Մշակույթի տուն եւ տեղադրել Արցախի դրոշը։

Արցախի ճակատագրով մտահոգ քաղաքացիները երթի ընթացքում կոչ արեցին բնակիչներին միանալ իրենց ակցիային։

«Կոչ ենք անում միանալ հանուն Արցախի համազգային դիմադրությանը։ Մենք զիջելու հայրենիք չունենք, թույլ չենք տալու Արցախը զիջել։ Մենք թույլ չենք տալու մեր եղբայրների արյունը սակարկել։ Եվ ուրեմն՝ Արտաշատ, ոտքի հանուն Արցախի»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիային մասնակցում էր նաեւ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Եկել է պահը, որ ինչպես 1988-ին, հայ մտավորականների, կամավորների միասնական շարժման արդյունքում ձեւավորվեց արցախյան ազգային-ազատագրական շարժումը, եւ մենք հաղթանակներ կերտեցինք, այդ պահը հիմա էլ է անհրաժեշտ, մենք պետք է սատար կանգնենք Արցախի Հանրապետությանը։ Պաշտպանելով Արցախը՝ մենք պաշտպանում ենք Հայաստանի Հանրապետությունը»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը։

Նշենք, որ երեկ՝ ապրիլի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ խորհրդարանական ընդդիմության՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած՝ հանուն Հայաստանի եւ Արցախի պաշտպանության հանրահավաքը։ Հանրահավաքի վերջում հրապարակվեց հայտարարություն,  որում ասվում էր, որ պետք է բացառվի Արցախի որեւէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում հայտնվելը։

Երեկվա հանրահավաքում ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր նոր պայքարի սկզբի մասին։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ տանը նստածներին բերենք փողոց: Մեր գործը ավարտին հասցնելու ենք այն օրը, երբ բոլորը միանան մեզ: Մեր գործողությունները շարունակական են լինելու, հասնելու ենք հաջողության: Գիշեր-ցերեկ պետք է աշխատենք: Կրկին կոչ եմ անում բոլոր-բոլորին համազգային դիմադրությամբ, միասնությամբ պետք է պայքարենք: Ընդ որում` մշտապես գիտակցելով, որ պայքարը լինելու է  երկու ճակատում. մենք պայքարում ենք հայուն Արցախի ու Հայաստանի, իսկ օրվա իշխանությունը՝ հանուն իր իշխանության: Մենք ունենք թշնամի, մեր պայքարն ուղղված է նաեւ այդ թշնամիներին»,- ասել էր 

Սաղաթելյանը։

Հանրահավաքի ավարտին մասնակիցները փակել էին Ֆրանսիայի հրապարակի բոլոր մուտքերը եւ այնտեղ տեղադրել Արցախի դրոշը։

«Սա իր մեջ ունի խորհուրդ, սա մեր պայքարի սկիզբն է, մենք պայքարում ենք հանուն Արցախի դրոշի, հանուն եռագույնի, հանուն մեր միասնության եւ վաղվա հաղթանակի»,– հայտարարել էր Սաղաթելյանը եւ առաջարկել, որ այսօրվանից Հայաստանի բոլոր քաղաքների հրապարակներում բարձրացվի Արցախի դրոշը։