Թղթի վերամշակումը լավ է, բայց կրկնակի օգտագործման համար ավելի լավ է: Արեւածաղկի ծաղկափոշու վրա հիմնված նոր թուղթն այնպես է պատրաստվում, որպեսզի դրա վրա հնարավոր լինի տպել, այնուհետեւ մաքրել այն հատուկ քիմիկատներով։ Նյութը մշակվել է Սինգապուրի տեխնոլոգիական համալսարանում, գրում է Techcult-ը։
Մեթոդը նման է օճառի արտադրությանը՝ գործընթացը սկսվում է կալիումի հիդրօքսիդով փոշու հատիկներից կոշտ արտաքին թաղանթի հեռացմամբ: Փափուկ ներքին նյութից ստացվում է գել, որը զտվում է դեոնացված ջրում։ Այնուհետեւ գելը լցնում են հարթ կաղապարի մեջ եւ թողնում չորանա: Դրանից հետո 0,03 մմ հաստությամբ թերթիկը մշակում են քացախաթթվով, որպեսզի այն խոնավության նկատմամբ կայուն լինի:
Այս թուղթն ավելի ճկուն եւ թափանցիկ է, քան ավանդական թուղթը, բայց այն նույնպես կարելի է անցկացնել սովորական լազերային տպիչի միջով եւ տպել տոներով: Նկարը կմնա անվնաս, նույնիսկ դրա վրա կպչուն ժապավեն կպցնելու եւ պոկելու կամ ջրի մեջ մտցնելու դեպքում: Ընդ որում, թուղթը ալկալիական լուծույթի մեջ ընկղմելու եւ տրորելու դեպքում գելը կուռչի, իսկ տոնիկը կքայքայվի եւ կշերտավորվի։ Այնուհետեւ արդեն մաքուր թուղթը հինգ րոպեով պետք է դնել էթանոլի մեջ, որպեսզի գելը վերադառնա նախկին վիճակին, որից հետո այն չորացնել բաց օդում եւ նորից մշակել քացախաթթվով։ Այդ թղթի վրա կարելի է նորից առանց ամբողջականությունը կամ պատկերի որակը կորցնելու մինչեւ ութ անգամ տպել:
Ամենահաճելին այն է, որ ծառերը կտրելու փոխարեն թղթի նյութը կարելի է արեւածաղկի տնկարկներից հավաքել կամ այնպիսի բույսերից, ինչպիսիքն են քամելիան եւ լոտոսը:











