Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ Կիեւում իր զբոսանքի տեսանյութը։ Ավելի ուշ տեսանյութը հայտնվել է նաեւ Youtube-ում։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես են Ջոնսոնն ու Զելենսկին, զինված թիկնապահներով շրջապատված, քայլում փողոցով։ Հացի խանութի մոտ նրանց դիմավորում է Միկոլա անունով մի տղամարդ, որը ոգեւորված ողջունում եւ ուկրաիներեն շնորհակալություն է հայտնում Մեծ Բրիտանիայի վարչապետին։ Ջոնսոնը սեղմում է նրա ձեռքը։ Նրանք մի փոքր զրուցում են, հաճոյախոսություններ են փոխանակում, Միկոլան պատմում է իր ընտանիքի մասին, իսկ Ջոնսոնը Ուկրաինային օգնությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնում։
Միկոլային հրաժեշտ տալուց հետո նրանք շարունակում են քայլել փողոցով՝ ողջունելով անցորդներին։











