Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափ փաստացի գոյություն չունի։ Այս մասին NEWS.am-ի TALK TIME հաղորդման ժամանակ ասաց ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը։

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի առճակատման պայմաններում, անկախ որոշակի հայտարարություններից, այդպիսի ձեւաչափ, հատկապես՝ արդյունավետ, պարզապես չի կարող լինել. «Եթե այն նույնիսկ կա, ապա ավելի շուտ ցուցադրական բնույթ է կրում։ Ի վերջո, մեր տարածաշրջանում պայքար է գնում առաջնորդության համար։ Իհարկե, նշված ձեւաչափի պահպանումը բխում էր մեր շահերից։ Ռուսաստանի եւ Արևմուտքի միջեւ հակասությունների ուժեղացումը միայն կուժեղացնի նրանց առճակատումը, ինչը որեւէ կերպ չի բխում Հայաստանի շահերից, եւ դա ակնհայտ է։ Դա նոր տուրբուլենտություն եւ նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի համար։ Այն կարող է նոր Ջոկեր դառնալ եւ Ադրբեջանի հետ միասին մի շարք կարեւոր հարցեր լուծել Հայաստանի շահերի հաշվին։ Ուստի մենք պետք է իրատես լինենք»,- ընդգծեց Շարմազանովը։

Քաղաքական գործչի խոսքով՝ Ռուսաստանը, այնուամենայնիվ, ոչ մի տեղ չի գնա տարածաշրջանից։ Ընդ որում, նա ներկա իշխանությանը՝ ի դեմս դրա ներկայացուցիչների, մեղադրեց անգրագիտության մեջ։