Մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի այս երկրի րեւէ իշխանություն, որեւէ անձ թույլ չտա այնպիսի վտանգավոր երեւույթներ, որոնք ուղղված են Հայաստանի ինքնիշխանության եւ Արցախի ինքնորոշման հեռանկարի դեմ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ի բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Այս իշխանություններն իրենք են, որ երկիրը տարել են պատերազմի, բայց դրանք հենց այնպես խոսքեր չեն: Իրենք պատերազմի ժամանակ ոչինչ չեն արել, որ համախմբեն հայ ժողովրդի ամբողջ ներուժը՝ պաշտպանելու Արցախը: Ոչինչ չեն արել հետագայում պաշտպանելու ՀՀ սահմանները: Ադրբեջանցին ներխուժել է Հայաստանի սահմաններ, իսկ այսօր էլ բանակցային գործընթացում կուրորեն գնում են թուրք-ադրբեջանական խաբկանքի մեջ, «խաղաղության դարաշրջան» ասածի տակ թուրք-ադրբեջանական խաբկանքի տակ են գտնվում»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ այսօր բանակցողները պետք է փոխվեն, որովհետեւ պարտված  իշխանություններն անընդհատ գտնվում են պարտադրանքի, թելադրանքի, ճնշման տակ, իսկ իրենք իրենց քայլերով կարմիր գծերն են ընդգծում, որից այն կողմ որեւէ քայլ չի կարող լինել:

Անդրադառնալով ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ ինքն Արցախ չի գնում, որ սադրանքի տեղիք չտա, կրակոցներ չլինեն, Սեյրան Օհանյանն ասաց. «Այդ դեպքում պետք է հարց տալ նրանց՝ ինչու էին մինչեւ պատերազմը ասում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, տարբեր միջոցառումներ, հանրահավաքներ կազմակերպում Արցախում: Եթե այդ ինտենսիվությամբ իրենք պատերազմի ժամանակ լինեին Արցախում, այս պարտությունը չէր լինի: Նրանք Արցախը տարել են պատերազմի, Հայաստանը տարել են պարտության:

Այսպիսի քայլերով, հետ նահանջով, ողորմություն խնդրելով խաղաղություն չեն ձեւավորում: Խաղաղությունը պահպանվում է ազգային եւ միջազգային երաշխիքներով: Այսինքն պետք է վերականգնել բանակը, իսկ այս 1,5 տարվա ընթացքում ոչինչ չեն արել, որ արագ ձեւավորվի անվտանգության համակարգը՝ բանակի հետ միասին»: