Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փաստացի բարձրաձայնեցին ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին ճշմարտությունը։ Նրանք, ըստ իս, առաջարկեցին նոր ու իրատեսական մոտեցումներ։ Այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը կառավարության 2021թ․ ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ։
Պատգամավորի խոսքով՝ կառավարությունը պետք է կազմի բնակչության լայն զանգվածների շրջանում քարոզչության ծրագիր։ «Անհրաժեշտ է հանդիպումներ անցկացնել եւ քննարկել առկա խնդիրները մեր հասարակության տարբեր շերտերի հետ։ Նրան պետք է հասկանան, որ դա է միակ ճանապարհը․․․Պետք է ծրագիր կազմել բավական լուրջ լայնածավալ ագիտացիայի ու քարոզչության իրականացման համար։ Իմ կարծիքով՝ երկար տարիներ, եթե ոչ մի ամբողջ դար, մենք հետապնդել ենք մեկ նպատակ՝ պատմական արդարության վերականգնումը՝ առանց հաշվի առնելու պատմական իրողությունը։ Մենք կրկին պետք է հետամուտ լինենք պատմական արդարությանը, բայց, միեւնույն ժամանակ, չշրջանցենք պատմական իրողությունը»,-ասաց Խաչատրյանը։











