Սա Ալիեւի երկար ժամանակների պահանջն է, սա Նիկոլ-Ալիեւ համատեղ գործունեության ու պայմանավորվածության արդյունք է, ես ուրիշ բացատրություն չունեմ: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, Գորիսում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նրան, որ երեկ իրենց թույլ չեն տվել մուտք գործել Արցախ:

«Երեկ տեսաք, որ միաժամանակյա Հայաստանի խորհրդարանից եւ Ադրբեջանի իշխանությունները նույնաբովանդակ հարձակում էին սկսել մեզ վրա, որ այցելու ենք Արցախ: Ես կարծում եմ՝ օրվա իշխանությունները պատասխանատու են այս իրավիճակի համար, իրենք պարտավոր են ապահովել անհապաղ կապ Հայաստանի ու Արցախի միջեւ, որեւէ մեկն իրավունք չունի արգելել ՀՀ քաղաքացիների մուտքն Արցախ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԱԳՆ-ի եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ իրենք տարակուսած ու մտահոգված են, որ ռուս խաղաղապահները թույլ չեն տվել պատգամավորների մուտքը Արցախ, Սաղաթելյանն ասաց. «Մտահոգված ու տարակուսված լինելը դեռեւս բավարար չէ, պետք է ձեռնարկեն գործուն քայլեր եւ անհապաղ կարգավորեն խնդիրը: Մնացածը դեմագոգիա է, մարդկանց մոլորեցնելու փորձ»: