Այսօր՝ ապրիլի 14-ին Երեւանի Չեխովի անվան N 55 դպրոցում տեղի է ունեցել տնօրենի ընտրություն:
Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Մինասյանը լրագրողներին ներկայացրեց ընտրության արդյունքները. «Քրսիտինե Մելքոնյանն ստացավ 4 ձայն, Անժելա Կարապետյանը մեկ ձայն եւ ես 4 ձայն: Արդյունքում նորից պետք է մրցույթ հայտարարվի: Թե երբ խորհրդուրդն է որոշում, ես այդ հարցով ոչինչ չեմ կարող ասել»:
Նա հերքեց տարածված լուրերը, թե ինքը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է. «Ես որեւէ առնչություն չունեմ պարոն Ավինյանի հետ: Այո, իմ քույրը 10 տարուց ավելի աշխատում է կառավարությունում»:
Ինչ վերաբերում է նրան, որ դպրոցի մանկավարժներն ու ծնողները դեմ են իր թեկնածությանը, Մինասյանն ասաց. «իրենք ասում են՝ իմ անձի հետ որեւէ դեմ կամ կողմ խնդիր չունեն, այսինքն իրենց բողոքն իմ անձի դեմ չի ուղղված»:
Նա տեղեկացրեց, որ ավարտել է Տնտեսագիտական համալսարանը, պաշտպանել է թեզ, 10 տարի է դասախոսում է Հայաստանի տնտեսագիտական հմալսարանում, նախկինում դասախոսել է Իտալիայի պետականհանրակրթական ուսումնական հաստատությունում, աշխատել է ՀՀ-ում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում. «Այսինքն ստացվում է, որ ունեմ ոչ միայն մանկավարժական, այլեւ գիտամանկավարժական, կառավարման եւ ֆինանսական ոլորտի փորձ ու գիտելիք իմ լիազորություններն իրականացնելու համար: Ես այս դպրոցի տնօրենի մրցույթին մասնակցում եմ հոկտեմբերից: Հոկտեմբերին տեղի ունեցած մրցույթում դպրոցի նախկին երկարամյա տնօրեն Գայանե Սարուխանյանը հավաքել է 4 ձայն, ես հավաքել եմ 3 ձայն, եւ Քրիստինե Մելքոնյանը՝ 1 ձայն: Տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Մելքոնյանը»: Իսկ արդեն ապրիլի 1-ին տնօրենի ժպ է նշանակվել ինքը՝ Դիանա Մինասյանը:
Հարցին, թե ինչու են փակվել դպրոցի դարպասներն ու դռները, Մինասյանը պատասխանեց, որ դա արվել է դասապրոցեսը չխանգարելու եւ նրանց անվտանգությունն ապահովելու համար. «Անվտանգության աշխատողները ասացին, որ կողպել էին դուռը, որովհետեւ իրենց հրում, հայհոյում են: Ինձնից նման հրահանգ չի եղել»:
Այդ պահին ադպրոցի մուտքի մոտ աշակերտները սկսեցին վանկարկել. «Հեռացիր»:
Նշենք, որ այսօր Երեւանի Չեխովի անվան N 55 դպրոցում լարված իրավիճակ էր ստեղծվել, բողոքի ակցիա են իրականացնում դպրոցի աշակերտների ծնողները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 1-ին եւս Երևանի Չեխովի անվան N 55 դպրոցի ուսուցիչները, աշակերտները եւ նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել նախ դպրոցի մոտ, ապա Երեւանի քաղաքապետարանի դիմաց. նրանք վրդովված են, որ տնօրենի պարտականությունները կատարում է Դիանա Մինասյանը, ով տնօրենի ընտրության առաջին 2 փուլերին մասնակցել է և չի հաղթել, իսկ հաջորդ փուլը կայանալու է ապրիլի 14-ին։
Բանն այն է, որ դեկտեմբերին լրացել է դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի պշտոնավարման 5 տարի ժամկետը: Օրենսդրության համաձայն հոկտեմբերին տեղի է ունեցել մրցույթ, որի ժամանակ տնօրենի պաշտոնի համար առաջադրվել է 3 թեկնածու՝ Գայանե Սարուխանյանը, դպրոցի ուսմասվար Տաթեւիկ Մելքոնյանը եւ Դիանա Մինասյանը, որը դպրոցում չի աշխատում, այլ դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Ըստ տարածված լուրերի Դիանա Միասյանի ամուսինը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերն է:
Երեք անգամ մրցույթ է տեղի ունեցել, սակայն այդպես էլ հաղթող չի ճանաչվել: Քաղաքապետարանն իր ձայները տվել է Դիանա Մինասյանին, ուսուցչական անձնակազմը եւ ծնողական կոմիտեն իրենց ձայները տվել են Գայանե Սարուխանյանին, իսկ Տաթեւիկ Մելքոնյանի օգտին քվեարկել է միայն ԿԳՄՍՆ-ի ներկայացուցիչները:
Քանի որ դեկտեմբերին լրացել էր Գայանե Սարուխանյանի պաշտոնավարման ժամկետը, նրա լիազորությունները դադարել են եւ քաղաքապետարանի որոշմամբ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուսմասված Տաթեւիկ Մելքոնյանը:
Դեկտեմբերից մինչ ապրիլի 1-ը նա պաշտոնավարել է որպես տնօրենի ԺՊ, սակայն ապրիլի 1-ին նամակ է ստացել քաղաքապետարանից, որ որեւէ բան չստորագրի որպես ԺՊ, որովհետեւ այլ մարդ է նշանակում ժամանակավոր պաշտոնակատար:
Սա անակնկալ է եղել ուսուցչական կոլեկտիվի եւ աշակերտների համար, ինչն էլ առաջացրել է նրանց վրդովմունքը:
Նշենք, որ տնօրենի նոր ընտրությունը կայանալու է ապրիլի 14-ին, որին առաջադրվել է 4 թեկնածու՝ Տաթեւիկ Մելքոնյանը, Դիանա Մինասյանը եւ եւս երկու ուսուցիչներ այլ դպրոցներից:
Հիշեցնենք, որ ըստ օրենսդրության, դպրոցի տնօրեն ընտրում է խորհուրդը, որը կազմված է 9 անդամից՝ 2 մանկավարժ, 2 ծնող, 4 լիազոր մարմնի ներկայացուցիչ, այսինքն քաղաքապետարանից, 1 հոգի նախարարությունից։











