Շատ կարևոր հարց բարձրացվեց. ասում են՝ ժամկետայիններին հետ բերեք, պայմանագրայիններին տարեք. իսկ կներեք՝ եթե պատերազմ սկսվեց, այդ ժամկետայինները, բոլորը պետք է գնան առաջնագիծ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք չենք ուզում ժամկետայիններին տանել, պայմանագրայիններին բերել, հետո պայմանագրայիններին տանել, մենք ուզում ենք բոլորին հետ բերել, որովհետև մենք ուզում ենք ունենալ սահման և սահմանապահներ:
Հարգելի ժողովուրդ, այսօր ասում են՝ մենք խաղաղություն ապահովեցինք. քանի դեռ սահմանին զինվոր է կանգնած, դա խաղաղություն չէ: Խաղաղությունն այն է, երբ սահմանին կանգնած է սահմանապահ, և հարցերը կարգավորվում են սահմանային նշանների և ոչ թե դիրքերի, ֆորտիֆիկացիայի, բարձունքների, դիպուկահարներից զգույշ լինելու միջոցով: Մոտ 1000 զոհ ենք ունեցել մենք խաղաղության ասվող ժամանակաշրջանում, մի մասը՝ ոչ մարտական պայմաններում: Դա խաղաղություն չէ»,-ասաց նա:
«Այս ելույթի մասին շատ խոսվեց, և հիմա նաև անտեղի, շատ շահարկվում են զոհվածների, մեր նահատակների անունները: Ես պարզապես ուզում եմ, որ ելույթը, այս հարցի քննարկումն ավարտենք նրանով, որ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգենք մեր նահատակներին և մեր խոնարհումը նրանց առաջ, որովհետև այն օրակարգը, որ մենք առաջարկում ենք, նրանց հիշատակը հարգելու և նրանց զոհողություններին պատշաճ հարգանք ցուցաբերելու ամենակարևոր ձևն է»,-ընդգծեց Փաշինյանը:











