Արցախի եւ Սյունիքի խնդիրները հայոց պետականության ճգնաժամի արդյունքն են, իսկ վաղը կարող են առաջանալ Տավուշի ու Արարատի խնդիրները։ Այս մասին ապրիլի 15-ին քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Եթե այսպես շարունակենք, կրկին մանրուն դրամի դերում կհայտնվենք համաշխարհային քաղաքականության մեջ։ Այսօր արցախահայության ճակատագիրը Երեւանում չի որոշվում, այն որոշում են գերտերությունները»,- ասաց նա։

Գործընթացներն այս տարածաշրջանում, ըստ նրա, փոխկապակցված են աշխարհում տեղի ունեցող գործընթացների հետ, որոնցում արդեն 10-15 տարի վերադասավորումներ են նկատվում։

Կիվիրյանը վստահություն հայտնեց, որ ուկրաինական գործընթացներն իրենց ազդեցությունն ունեն եւ կունենան Հայաստանի, Արցախի եւ ընդհանրապես հայերի վրա։

«Այս ֆոնին մենք հայկական պետականության ճգնաժամի են բախվել: Խորացող ճգնաժամը վկայում է այն մասին, որ մենք անպաշտպան ենք գործընթացների առջեւ: Մենք սուբյեկտից օբյեկտի ենք վերածվել, եւ առանց ճգնաժամը հաղթահարելու հետդարձի ճանապարհն անհնար է։ 2018-ից հետո տեղի ունեցող գործընթացներն արագացրին հայոց պետականության մահը, որը մինչ այդ արդեն հիվանդ էր։ Այսօր ստեղծված իրավիճակի հիմնական պատասխանատուն ՀՀ գործող իշխանություններն են։ Քանի դեռ նրանք երկրի ղեկին են, ճգնաժամի լուծում գտնելն անհնար է։ Թիվ մեկ խնդիրը պետք է լինի գործող ռեժիմի հեռացումը եւ զարգացման ծրագիր ունեցող սթափ, ադեկվատ, կոմպետենտ կառավարության ձեւավորումը»,- ընդգծեց փորձագետը։