Փաշինյանը միտումնավոր գործը դեպի մեծ պատերազմն է տանում տարածաշրջանում. Այս մասին ապրիլի 15-ին կայացած քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Փաշինյանը, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով, իբր փորձում է կանխել նոր պատերազմը, բայց նա նոր, մեծ պատերազմ կսկսի, եւ դա կլինի ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այլ ավելի մեծ պատերազմ, որը կներառի Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը եւ գուցե այլ երկրներ։ Ուկրաինայում տեղի ունեցողը ծաղիկներ կթվա. կլինի գլոբալ, մեծ պատերազմ: Փաշինյանն առաջարկեց այսպես կոչված խաղաղության ծրագիրը, որի արդյունքում առաջին անգամ տեսանք Ռուսաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հակասական հայտարարությունները»,- հավելեց փորձագետը։

Նա կարծում է, որ Ռուսաստանին փորձում են դուրս մղել տարածաշրջանից եւ հետագայում ընդլայնել Թուրքիայի ազդեցությունը, եւ դա անում է Փաշինյանը, բայց Ռուսաստանը դրան չի համաձայնվի։

«Մենք հիմա Սյունիքը պահում ենք ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի շնորհիվ, որը կոնկրետ քայլեր է ձեռնարկում։ Այս պահին Սյունիքի հարցում Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հիմնական երաշխավորը Թեհրանն է»,- հավելեց Դանիելյանը։

Նա վստահություն հայտնեց, որ 44-օրյա պատերազմը սկսվեց նաեւ Փաշինյանի մեղքով, ով այժմ իր միակ սխալը համարում է այն, որ «ժամանակին» չի հանձնել հողերը:

«Իշխանության գալով՝ Փաշինյանն առաջին հերթին կալանավորեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին՝ թշնամական քայլի դիմելով Հայաստանի անվտանգությունն ապահովող կազմակերպության նկատմամբ։

Միաժամանակ նա պայքար էր մղում այսպես կոչված թալանչիների դեմ, խոսում հեղափոխության արտահանման մասին՝ ակնարկելով, որ ՀԱՊԿ անդամ երկրների ներկայիս ղեկավարները նույնպես կարող են նստել։ Չնայած չգրված կանոնին, որ երկրի նախկին ղեկավարները չպետք է պատժվեն՝ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին։ Դա ազդանշան էր, որ նույն ճակատագրին կարող են արժանանալ նաեւ այլ երկրների ղեկավարներ:

Որոշ ժամանակ անց նա հայտարարեց, որ չի ցանկանում խոսել Ադրբեջանի ղեկավարի հետ, այլ ցանկանում է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ, այսինքն՝ հեղափոխություն հրահրեց։ Հետո հաջորդեցին Տավուշի դեպքերը, որից հետո Ադրբեջանում պահանջեցին պատերազմ սկսել, իսկ պատերազմի նախօրեին սպառնաց հայտարարություն անել, որից հետո ադրբեջանցիները Բաքվի իշխանություններին դեմ դուրս կգան։ Դա, ըստ էության, պատերազմի հայտարարում էր:

Դրանից առաջ Փաշինյանը քանդեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը՝ Դուշանբեում եւ Դուբայում  բանակցելով Ալիեւի հետ»,- ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ գործող իշխանությունների հեռացումն անհնար է, եթե ժողովրդին այլընտրանք ցույց չտրվի, որը հստակ կներկայացնի իր դիրքորոշումը երկրի համար կարեւորագույն խնդիրների մասով:

«Առանց դրա իշխանափոխությունն անհնար է, վիճակը միայն կվատթարանա»,- եզրափակեց Դանիելյանը։