Հայաստանում «հոգատարության» քողի ներքո վարորդների ու հետիոտնի իրավունքների ու հարմարությունների կատարյալ անտեսումը շարունակվում է:
NEWS.am-ը բազմիցս գրել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում երթեւեկության հետ կապված ողբերգական իրավիճակի մասին։ Համառոտ հիշեցնենք, որ Անդրանիկի փողոցում մղձավանջը սկսվեց այն ժամանակ, երբ Հյուսիս-հարավ ճանապարհաշինական ծրագիրը հասավ թաղամաս։ Շուրջ մեկ տարի է, ինչ զուգահեռ փողոցով երթեւեկությունը փակ է, ինչի պատճառով զգալիորեն ավելացել է Անդրանիկի փողոցի ծանրաբեռնվածությունը, որը բնակելի թաղամասերը կապում է Իսակովի պողոտային, այնուհետեւ՝ Երևանի կենտրոնի հետ։ Ու թեեւ ի սկզբանե խոստացվել էր շինարարությունն ավարտել մի քանի ամսվա ընթացքում, այն դեռ շարունակվում է, ինչի մասին քաղաքապետարանում գերադասում են չհիշել։
Այդ մղձավանջին այս շաբաթվա սկզբից ավելացավ մի նոր հանգամանք՝ թարմացվում է ասֆալտապատ մակերեսը, թեեւ վերանորոգումը համեմատաբար վերջերս է իրականացվել։ Երկուշաբթի օրվանից ծածկույթը քանդվել է՝ մեծ կտորներով, մեջտեղում ցցված են սուր եզրերով լյուկերը, ճանապարհին քաոս է տիրում, ավտոմեքենաները շրջանցում են փոսերն ու լյուկերը եւ մյուս մեքենաներին, հանդիպակաց երթեւեկության գոտիները վաղուց խառնվել են, եւ միայն հրաշքով լուրջ ՃՏՊ տեղի չի ունեցել:
Ասֆալտի հեռացումն իրականացվել է կոպիտ խախտումներով. միջազգային բոլոր ստանդարտների համաձայն՝ անցուղու ծածկույթի հաջորդական նորոգում է իրականացվում, այլ ոչ թե՝ միաժամանակ։ Ոչ մի զգուշացնող նշան չկա, այդ թվում՝ վտանգավոր լյուկերի դիմաց:
Եւ այս ամենը` քաղաքացիների նկատմամբ «հոգատարության» քողի ներքո։ Իսկ իրականում քաղաքապետարանում կամ թաղապետարանում չեն բարեհաճել պարզել, թե ինչպես է աշխատում վերանորոգումն իրականացնող ընկերությունը, ինչպես են ծախսվում փողոցի վերանորոգման համար հատկացված պետական գումարները՝ ի դեպ, հարկատուների գումարները, ովքեր այսպիսի «վերանորոգումից» հետո ստիպված կլինեն վերանորոգել սեփական ավտոմեքենաները եւ կարկատել անվադողերը։











