Ուկրաինական ճգնաժամը Հարավային Կովկասում ռուսական ակտիվությունը նվազեցնելու պոտենցիալ սպառնալիք է ստեղծում՝ կապված այն բանի հետ, որ հիմնական ուշադրությունը կենտրոնանում է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը։
Նրա խոսքով՝ այս իրավիճակն իրենց քաղաքականությունը ակտիվացնելու գայթակղություն է ստեղծում մյուս խաղացողների համար՝ դուրս մղելով Մոսկվային այս տարածաշրջանից։ «Հետագան կախված կլինի ռազմական առճակատման արդյունքից, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների արդյունքից եւ Ռուսաստանի Դաշնության ու Արեւմուտքի հարաբերություններում որոշակի կայունացման հասնելու կողմերի կարողությունից կամ անկարողությունից։ Լավագույն դեպքում, եթե հարաբերությունները վերականգնվեն, ապա Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության հարթակ չի դառնա Ռուսաստանի եւ Արեւմուտքի, կամ ընդհանրապես Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ, եթե խոսքը ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Չինաստանի եւ որոշ այլ երկրների մասին է։ Այսինքն՝ այս դեպքում միջազգային համակարգը չի շեղվի դեպի երկբեւեռություն, եւ դա Հարավային Կովկասի համար հնարավորություններ կստեղծի բազմավեկտոր արտաքին քաղաքականության եւ տնտեսական համագործակցության համար»։
Նրա խոսքով, վատագույն սցենարի դեպքում ուկրաինական հակամարտությունը կատալիզատոր կդառնա աշխարհի նոր երկբեւեռությանն անցնելու համար, իսկ Հարավային Կովկասի երկրների վիճակը կբարդանա։ «Նրանք ստիպված կլինեն ինչ-որ ընտրություն կատարել Արեւելքի եւ Արեւմուտքի, Եվրոպայի եւ Եվրասիայի միջեւ։ Եվ, իհարկե, ցանկացած ընտրության դեպքում նրանք ինչ-որ բան կկորցնեն։ Կցանկանայի հուսալ, որ նրանք նման ընտրության առաջ չեն կանգնի, բայց այս մասին վստահորեն խոսելը վաղաժամ է։
Խոսելով այս համատեքստում Միութենական պետության ընդլայնման հնարավորության մասին՝ Կորտունովը նշեց, որ տեսականորեն դա նույնպես հնարավոր է։ «Բայց կարծում եմ, որ Հայաստանն այժմ իր համար հարմարավետ վիճակում է՝ մի կողմից ԵԱՏՄ անդամ է, մյուս կողմից՝ բազմակողմ հարաբերություններ ունի ԵՄ-ի հետ։ Իսկ Հայաստանը օրինակ է այն բանի, որ ընդհանրապես երկրին պետք չէ ընտրություն կատարել Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ, երկիրը կարող է աշխատել երկու հարթակներում, երկու ուղղություններով։ Եվ սա պարտադիր չէ, որ աշխարհի սեւ ու սպիտակ պատկերը լինի, որը, ցավոք, գոյություն ունի շատ գլուխներում: Գուցե ես սխալվում եմ, բայց կարծում եմ, որ Հայաստանի համար օպտիմալ կլիներ պահպանել այս հավասարակշռությունը»։











