Մեր արտաքին քաղաքականության մեջ միշտ գերակշռել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները։ Եվ տարօրինակ չէ, որ երբ 2018թ․ տեղի ունեցավ իշխանության զավթումը, ՀՀԿ-ն, այդ թվում՝ ես, մտավախություն հայտնեցինք՝ կապված այդ հարաբերությունների հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքները։

Մասնավորապես, նա անդրադարձավ նախօրեին ստորագրված 30 կետից բաղկացած համաձայնագրին։

«Մեր մտավախությունն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը հետեւողականորեն կործանում են հայ-ռուսական հարաբերությունները։ Նրանք փչացրին դրանք։ Եվ մենք՝ անցած 4 տարիների ընթացքում, դրա վկան ենք դարձել։ Եթե ​​հիշենք ոչ վաղ արյունալի անցյալը, ապա կարող ենք փաստել, որ Թուրքիայի ներխուժումը Հարավային Կովկաս հնարավոր դարձավ միայն տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության կրճատման հաշվին։ Վակուում առաջացավ, որը լցրեց Թուրքիան, եւ Փաշինյանը դրա համար ամեն ինչ արեց»,-ընդգծեց Աշոտյանը։

Քաղաքական գործիչը նշեց, որ Թուրքիայի համար դռները բացվեցին ինչպես Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ անմիջապես հետո։

Աշոտյանի կարծիքով՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ աննախադեպ լարվածությունը կնպաստի երկու հիմնական խաղացողների համառ պայքարին ոչ միայն Ուկրաինայում, այլեւ այլ երկրներում ու տարածաշրջաններում, որտեղ նրանք որոշակի շահեր ունեն։

«Եվ Հարավային Կովկասը նման տարածաշրջաններից մեկն է։ Ակնհայտ է, որ Հայաստանի այսպես կոչված իշխանությունները՝ անկախ վերը նշված հանգամանքներից, այսօր չեն ներկայացնում ազգային օրակարգը»,-ասաց ՀՀԿ ներկայացուցիչը։