Եթե մենք այստեղ չլինեինք, փաստաթղթեր կստորագրվեին, որոնց համաձայն Արցախը թշնամուն կհանձնվեր։ Այս մասին ապրիլի 22-ին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Մենք եկել ենք ժողովրդին, միջազգային հանրությանը, իշխանություններին ցույց տալու, որ Նիկոլը իրավասու չէ միակողմանի զիջումների գնալ հայ ժողովրդի անունից, որ թույլ չենք տա, որ մեր երկիրը մաս-մաս հանձնվի թշնամուն»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ իշխանությունները հասկանում են, որ իշխանությունը պահելու հնարավորություն չունեն, ժողովուրդն արթնացել է. «Այդ մասին են վկայում «սեւ փիառը» մեր դեմ եւ այդքան մեծ թվով ոստիկանների առկայությունն այստեղ։ Իշխանություններն էականորեն շեղվել են իրենց նախընտրական ծրագրից. Նրանք ասում էին, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի, որ Հայաստանի ոչ մի թիզ տարածք չեն զիջի, «Զանգեզուրի միջանցք» չի լինի։ Բայց այսօր խոսում են Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման անհրաժեշտության մասին, խոսում են «Զանգեզուրի միջանցքի» բացման հավանականության մասին։ Նրանք ամեն ինչ գցում են ռուսների վրա։ Ինչո՞ւ նրանք դեռ բարեփոխումներ չեն իրականացրել բանակում։ Ավելին, ամեն ինչ անում են Արցախի պաշտպանության բանակի լուծարման համար»,- հավելեց Վանեցյանը։











