Արցախը լուրջ վտանգի առաջ է կանգնած, նրա ճակատագիրն այսօր որոշվում է Դոնբասում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Սուրեն Զոլյանը:
Վերջինս նկատել է, որ պայքար է ընթանում նոր աշխարհակարգի ձեւավորման համար, ԵԱՀԿ ՄԽ-ն, որն ստեղծվել է Ղարաբաղի համար դժվար ժամանակաշրջանում, Ադրբեջանի դիրքորոշման պատճառով գործնականում չի աշխատում:
«Հայաստանի համար եւս մեկ կարեւոր երաշխիք էր բանակը, որը թուլացել է: Այսօր պետք է աշխատել անվտանգության իրական երաշխիքների ամրապնդման ուղղությամբ: Դրանց շարքին է դասվում նաեւ ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման հարցը: Չի կարելի է միանշանակ պնդել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքումից հետո Բաքուն կպահանջի ռուս խաղաղապահների դուրսբերումը: Ռուսաստանը դա թույլ չի տա, Բաքուն եւս կտրուկ քայլերի չի գնա եւ չի հրաժարվի մանդատի ժամկետի երկարաձգումից:
Կարեւոր է համատեղել ցանկություններն ու հնարավորությունները, Հայաստանը պետք է կոմպլեմենտար քաղաքականություն վարի եւ հարթակ չստեղծի միջազգային խաղացողների բախման համար»,- ընդգծել է Զոլյանը:
Նրա գնահատմամբ՝ ներկայիս պայմաններում, այդ թվում՝ ադրբեջանական էներգակիրներին հասանելիություն ստանալու հարցում Արեւմուտքի շահագրգռվածության պարագայում, Արցախի համար լավագույն դեպքում կարելի է հասնել Մերձդնեստրի նման կարգավիճակի, չճանաչված պետության կարգավիճակի՝ ռուս խաղաղապահների պաշտպանության ներքո:
«Փաշինյանից քիչ բան է կախված: Դա ինչ-որ իմաստով լավ է, քանի որ նա զրկվում է վնաս հասցնելու հնարավորությունից: Եթե Ռուսաստանի եւ Իրանի միջամտությունը չլիներ, ադրբեջանական եւ թուրքական զորքերը վաղուց մտած կլինեին Սյունիք»,- եզրափակել է փորձագետը:











