Մեր խնդիրների լուծման համար անհրաժեշտ բայց ոչ բավարար պայման է ներկայիս իշխանությունների հեռացումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Սուրեն Զոլյանը:
Սակայն հիմնական պատճառը, ինչպես կարծում է փորձագետը, ոչ այնքան իշխանությունների հայտարարությունների մեջ է, որքան այն հարցում, որ Հայաստանի իշխանությունները հուսալի գործընկեր չեն հանդիսանում, որի հետևանքներն ազդում են Արցախի վրա:
«Դրանում ես տեսնում եմ գլխավոր սպառնալիքը, եւ դրանում տեսնում եմ իշխանափոխության գլխավոր անհրաժեշտությունը:
Այսօր ղարաբաղյան հարցին մեկ այլ հարց է ավելանում, ե՛ւ հայ հասարակության համար, ե՛ւ միջազգային խաղացողների համար հուսալի առաջնորդի՝ իշխանության գալու հարցը:
Հայաստանի ներկայիս իշխանությունների համար միեւնույնն է, թե ինչպես կլուծվի ղարաբաղյան հարցը, նրանց համար կարեւոր է միայն ազատվել այդ գլխացավանքից: Սակայն պետք է հասկանալ, որ այդ դեպքում պետք է գործ ունենալ ավելի լուրջ գլխացավաքի հետ: Դա էլ հիմա տեղի է ունենում:
Հայաստանի իշխանությունները դեռ երեկ ասում էին, որ Արցախը Հայաստան է ե՛ւ վերջ, իսկ այսօր հրաժարվում են Արցախից՝ հայտարարելով կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման մասին: Բացի այդ, իշխանությունները խոսում են Ադրբեջանի ներկայացրած հինգ կետի ընդունելի լինելու մասին, իսկ այդ կետերում բառ անգամ չկա Արցախի վերաբերյալ: Ոչ մի լավ բանի դա չի հանգեցնի:
Բաքուն կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել է՝ այն տարանջատելով Հայաստանի հետ հարաբերություններից: Սակայն դա չպետք է հանգստացնի Հայաստանի իշխանություններին, քանի որ նման դասավորվածությունը նոր խնդիրներ է ստեղծում: Հաջորդը կլինեն անկլավների, փախստականների վերադարձի եւ միջանցքների հարցերը»,- ընդգծել է Զոլյանը:
Վերջինս ոչ պակաս կարեւոր է անվանել փոփոխություններն Արցախում, որտեղ քաղաքական էլիտան չի արդարացրել իրեն, վստահություն չի ներշնչում ո՛չ հանրապետության ներսում, ո՛չ դրա սահմաններից այն կողմ:











