Համոզված եմ, որ միասնաբար հաղթահարելու ենք մեր պետականության դեմ ծառացած մարտահրավերները։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը`գրառմանը կից տեսանյութ հրապարակելով:

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական թևի նախաձեռնությամբ և պետական աջակցությամբ կազմակերպված «Զարթնի՛ր, լաո՛» խորագրով ավանդական ջահերթը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցին, որը, բացի Ստեփանակերտից, անցկացվել է նաև Արցախի շատ համայնքներում։

Հիշատակի, ոգեկոչման ու ժխտողականության դեմ երթին մասնակցեցի Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանի, հայ մեծ բարերար ու իմ հարգարժան ընկեր Ռուբեն Վարդանյանի և Արցախի Գործադիր ու Օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ միասին։

Համոզված եմ, որ միասնաբար հաղթահարելու ենք մեր պետականության դեմ ծառացած մարտահրավերները։

Խոնարհումս Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին․․․»,- գրել  է նա: