Նիկոլ Փաշինյանը 2018 թվականից ի վեր մի բան է արել, միայն խաբել է: Այս մասին այսօր` ապրիլի 25-ին, «Դիմադրություն» շարժման իրազեկման երթի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

«2018 թվականին Նիկոլ Փաշինյանը արեց մեկ առանցքային բան` ժողովրդին խաբեց,  2019 թվականին ժողովրդին խաբեց, 2020 թվականին 44-օրյա պատերազմի ընթացքում արեց մեկ բան, խաբեց, նոյեմբերի 9-ին մինչեւ խայտառակ փաստաթուղթ ստորագրելը, ասում էր, որ Շուշի համար մարտերը շարունակվում են, հետո պետք է պարզվեր, որ արդեն 2-3 օր է, ոչ մի մարտ էլ չկա»,– ասաց նա:

Պատգամավորը հիշեցրեց, որ Փաշինյանը դատարանների մասին ասում էր` դատարանները պետք է լինեն անկախ։ «Ի՞նչ արեց դրա համար, խաբեց, դատարանների մուտքերն ու ելքերը շրջափակեց, ասաց` ո՞վ է այն դատավորը, որ իր ասածը չի անելու ու իսկապես բերեց Հայաստանի դատարանները այդ վիճակին, կալանավորում է բոլորին, ձերբակալում է բոլորին,  բայց դրանից ոչինչ չի փոխվում, հայ մարդու կամքը չի կոտրվում ու չի կոտրվելու, հայ մարդը կզած չի լինելու»,-ասաց նա:

Արամ Վարդեւանյանը նաեւ ասաց, որ Փաշինյանը 2021 թվականի ընտրություններից առաջ խոստանում էր, որ Շուշիի ու Հադրութի համար դեօկուպացիա է անելու, Արցախի կարգավիճակի համար կռիվ է տալու, սակայն նորից խաբեց:

«Հիմա արդեն նրա մասին են խոսում, որ Արցախը կարող է լինի Ադրբեջանի կազմում: Չի՛ լինելու, հայ մարդը թույլ չի տալու, ես վստահ եմ, հայ մարդը դուրս է գալու թմբիրից, արթնանալու է»,-հավելեց նա: