Հազարավոր մարդիկ կիրակի միացել են Ֆրանսիայի ողջ տարածքով անցկացվող մայիսմեկյան ցույցերին՝ սոցիալական արդարություն եւ աշխատավարձի բարձարցում պահանջելու եւ ստիպելու վերջերս վերընտրված նախագահ Էմանուել Մակրոնին հրաժարվել թոշակի տարիքը բարձրացնելու ծրագրից, հաղորդում է Reuters-ը:

Նախագահական նախընտրական քարոզարշավի գլխավոր թեման կյանքի արժեքն է եղել, որը կդառնա նաեւ գլխավոր թեման հունիսին կայանալիք օրենսդրական մարմնի ընտրություններին ընդառաջ:

Մոտ 250 հանրահավաք է տեղի ունեցել Փարիզում, ինչպես նաեւ այլ քաղաքներում, այդ թվում՝ Լիլիում, Նանտում, Թուլուզում եւ Մարսելում:

Ֆրանսիայի մայրաքաղաքում արհմիությունների ակտիվիստներին միացել են նաեւ քաղաքական գործիչներ:  

Երթի մասնակիցները պաստառներ էին պատրաստել «Թոշակ, նախքան արթրիտը», «Թոշակի 60 տարեկանում, սառեցրեք գները» եւ «Մակրոն, հեռացի՛ր» գրություններով:  

Հիշեցնենք, որ Մակրոնը նախագահի պաշտոնում վերընտրվել է անցյալ կիրակի: