Ֆրանսիայի հրապարակից այսօր՝ մայիսի 3-ին, մեկնարկել է ընդդիմադիրների երթը՝ Երևանի կենտրոնական փողոցներով։ Մինչեւ այդ  Ֆրանսիայի հրապարակում կատարումներով հանդես էր եկել երգչուհի Սիրուշոն։ Նա հանրահավաքի մասնակիցների հետ հայրենասիրական մի շարք երգեր է կատարել, բայց այս անգամ ոչ բեմից, այլ ցուցարարների շարքերում կանգնած։ 

Մինչեւ երթը Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պայքարի համաժողովրդական դառնալուն շատ քիչ է մնացել։ Նա տեղեկացրեց, որ այսօրվա երթի ուղղությունը փոխվում է՝ Մոսկովյան, Աբովյան փողոցներով՝ Հանրապետության հրապարակ, ապա՝ Ամիրյան փողոց։ «Դրանից հետո կասեմ»,– ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ երթի վերջնակետը Ֆրանսիայի հրապարակն է լինելու, որտեղ հանրահավաքը կշարունակվի, կարեւոր հայտարարություն կանեն։

Նշենք, որ Երեւանում երեկ եւ այսօր խաղաղ անհնազանդության ակցիաներ են տեղի ունեցել. փակվել են մի շարք փողոցներ: Ոստիկանությունը ուժ կիրառելով բերման է ենթարկել 237 անձի։