Ազատագրական շարժման անդամները բողոքի ակցիա են իրականացրել Հանրապետության հրաապարակում:

Շարժման անդամներից Նաիրի Հոխիկյանը ակցիայի մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց. «Այսօր Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու անհրաժեշտության շրջանակում մեր ընկերները կիրականացնեն կոնկրետ գործողություն: Դուք գիտեք, որ մենք դիմել ենք գլխավոր դատախազություն՝ Նիկոլ Փաշինյանին դավաճանության քրգործի շրջանակում որպես մեղադրյալ ներգրավելու համար: Հակակոռուպցիոն կոմիտեն արձագանքել է, որ իրենք հետաձգում են այդ գործի քննությունը, որը եւս օրենքի շրջանակում չէ: Մենք նաեւ այս ակցիայից հետո կգնանք գլխավոր դատախազություն մեր պահանջի հետեւից»:

Շարժման անդամներից Արա Զոհրաբյանն էլ ասաց. «Այս ամենին երկու լուծում կա, մեկը՝ հասարակական ճնշման արյունքում  Նիկոլ Փաշինյանը հեռանա եւ դա փորձենք անել սահմանադրական ճանապարհով: Երկրորդ ճանապարհը իրավական ճանապարհն է, որ Նիկոլ աշինյանը ձերբակալվի եւ պատասխան տա իր արարծների համար: Մենք նաեւ իրավական ճանապարհով ենք առաջ գնում: Այսօրվա ակցիայի մեջ ոստիկանները առանցքային դեր են ստանձնելու»:

Այդ խոսքերից հետո մի տղամարդ Նիկոլ Փաշինյանի պատկերով դիմակ հագած վազեց դեպի Հանրապետության հրապարակի կենտրոն: Ակցիայի մասնակիցներից մեկը բարձրախոսով բղավեց. «Պարոնայք ոստիկաններ, ձերբակալեք Նիկոլին»:

Ոստիկանները սկսեցին հետապնդել փախչող երիտասարդին, ի վերջո, բռնեցին, գետնին տապալեցին եւ բերման ենթարկեցին: Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել նաեւ ազատագրական շարժման մյուս անդամներին, որոնք եւս կրում էին Նիկոլ Փաշինյանի պատկերով դիմակներ:

Արա Զոհրաբյանը լրագրողներին ասաց, որ իրենց ակցիան ստացվեց ոստիկանների շնորհիվ: Նա չհասցրեց շարունակել իր խոսքը, որովհետեւ կարմիրբերետավորները բերման ենթարկեցին նաեւ իրեն: Բերման ենթարկվեց նաև շարժման անդամ նաեւ Վահագն Չախալյանը:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից  քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Մասնավորապես, առավոտից փակվել են Կիեւյան կամուրջը, Հաղթանակի կամուրջը, Դավիթաշենի կամուրջը: Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Նախօրեին ճանապարհներ են փակվել նաեւ մարզերում, մասնավորապես, փակվել է Սեւան-Երեւան, Վանաձոր-Երեւան, Գյումրի-Երեւան, նաեւ Գորիսից Երեւան եկող ճանապարհները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ: Մարտի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։

Երեկվա հանրահավաքում ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, մայիսի 4-ին վաղ առավոտից շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք կշարունակվեն մինչև ժամը 14։00-ն։  Այնուհետև ժամը 15․30-ին նախատեսված է հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։