Վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները կվերսկսվեն, երեկոյան շարժումը կրկին կունենա ամփոփիչ հավաք։ Այս մասին մայիսի 4-ին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք ունենք արդեն բազմաթիվ կազմակերպված խմբեր, որոնք հրահանգի չեն սպասում։ Իրար կողք կանգնեք՝ 15-20 հոգով, առավոտից շարունակեք անհնազանդության ակցիաները, առավոտյան հանդես կգանք լրացուցիչ հայտարարություններով։ Այսօր ամբողջ Կենտրոն համայնքը ձեր տրամադրության տակ էր, պայքարը պետք է մեծացնենք եւ ընդգրկենք ամբողջ Հայաստանը։ Կոչ եմ անում մեր մարզային բնակչությանը մարզերում վերսկսել բողոքի ակցիաներ եւ ցույցեր»,- հայտարարեց Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին օրեր են մնացել։ «Մեր հաղթանակն այնքան մոտ է։ ՔՊ փակ նիստերում անգամ քննարկվում է՝ Նիկոլին «ժերտվա» տանք՝ գոնե մենք փրկվենք։ Նահանջել չկա։ 72 ժամ չենք քնել, 72 ժամ էլ չենք քնի»,- ասաց Սաղաթելյանը։