Ընդդիմության աջակիցները անհնազանդության ավտոերթ են անցկացրել Երեւանում: Նրանք մեքենաների ազդանշաններով դանդաղ իջնում են Մյասնիկյան պողոտայով՝ հասնելով Հերացի ու Խանչյան փողոցներին:
Ավտոմեքենաներից պարզված են Հայաստանի եւ Արցախի դրոշները:
Մեկ այլ ավտոերթ էլ իրականացվում է «Հայրենիք» կինոթատրոնի մոտ:
Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ:
Նախօրեին ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պայքարը պետք է մեծացնեն եւ ընդգրկեն ամբողջ Հայաստանը։ Նա կոչ արեց մարզերի բնակչությանը մարզերում վերսկսել բողոքի ակցիաներ եւ ցույցեր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։











