Մեծ հաղթանակը մեզ խաղաղություն, ազատ, արժանապատիվ ապրելու հնարավորություն բերեց։ Մեր երկրներում սա պարզապես պետական տոն չէ, այն նաեւ ընտանեկան տոն է, քանի որ Ռուսաստանում, Հայաստանում եւ նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետություններում չկա մի ընտանիք, որը պատերազմի եւ դրա հետեւանքների չի բախվել. ամեն տեղ կան վետերաններ, ամեն տեղ իրենց հերոսներն ունեն: Այս մասին մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա նշել է այդ իրադարձությունների հիշատակը սերնդեսերունդ փոխանցելու կարեւորությունը։
«Մենք իրավունք չունենք մոռանալ պատմության դասերը, մենք իրավունք չունենք մոռանալ մեր պապերի, նախապապերի սխրանքը, ովքեր հանուն հաղթանակի տվեցին ամենաթանկը, որն այժմ մեզ թույլ է տալիս ազատ եւ արժանապատվորեն ապրել»,- հավելեց Կոպիրկինը։
Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, ըստ դեսպանի, առավել քան երբեւէ հստակ ցույց են տալիս, թե որքան կարեւոր է պահպանել այդ հիշողությունը, որքան կարեւոր է հիշել պատմության դասերը։
«Նրանք, ովքեր մոռանում են այդ դասերը, անխուսափելիորեն նոր խնդիրների, նոր ողբերգությունների են բախվում:
Հայրենական մեծ պատերազմի ամենադժվար տարիներին ԽՍՀՄ ժողովուրդները, որպես միասնական համախմբված ճակատ հանդես գալով, պայքարում էին հանուն աշխարհի ազատության։ Շատ խորհրդանշական է, որ նացիզմի գաղափարախոսությանը հակադրվեց մեկ այլ գաղափարախոսություն՝ ինտերնացիոնալիզմի, ժողովուրդների եղբայրության գաղափարախոսությունը։ Շատ կարեւոր է, որ հաղթեց երկրորդ գաղափարախոսությունը. Այսօր մենք նշում ենք բարու հաղթանակը չարի նկատմամբ։ Վստահ եմ, որ չարի նկատմամբ բարու հաղթանակի փառավոր ավանդույթը շարունակվելու է։ Խաղաղությունը պահպանելու համար պետք է հարգանքով վերաբերվել միմյանց, լսել միմյանց, հետամուտ լինել ոչ միայն սեփական շահերին, այլեւ հարգել ուրիշների շահերը, կարողանալ բանակցել, կարողանալ գնահատել գոյություն ունեցող փոխգործակցությունը: Եթե մենք բախվում ենք սեփական բացառիկ եսասիրական շահերն ագրեսիվորեն հետապնդելու մոտեցմանը՝ ապավինելով ուժին, չցանկանալով լսել մյուսներին, չցանկանալով խոստովանել, որ մյուսները եւս կենսական շահեր ունեն, ապա խաղաղություն պահպանելը դժվար է»,- ընդգծեց Կոպիրկինը։
Հայաստանում ՌԴ դեսպանը պատմեց, թե ինչպես է ինքը նշում մայիսի 9-ի տոնը.
«Սա անձնական տոն է։ Մենք միշտ նշում ենք տարբեր ձեւերով, բայց միշտ՝ առանձնահատուկ զգացումով։ Երբ տանն ենք, իհարկե, զորահանդեսն ենք նայում, փողոց ենք դուրս գալիս։ Եթե ստացվում է, այցելում ենք այն վայրերը, որտեղ հավաքվում են վետերանները։ Ամբողջ օրն անցնում է Հաղթանակի օրվա նշանով»,- եզրափակեց նա։











