Ոստիկանությունը հսկայական ուժեր է կենտրոնացրել Երեւանի քաղաքապետարանի մոտ, որտեղ «Դիմադրության» շարժման երթի մասնակիցները շրջափակել են քաղաքապետարանի 4 մուտքերը:

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը անդրադառնալով ոստիկանության ուժերի կուտակմանը, ասաց. «Այն, ինչ կատարվում է, լավ բան չի, մի արեք տենց բան, եթե անեք, ամբողջ պատասխանատվությունը ձեր վզին է ու որեւէ մեկը չի կարող ժողովրդի ցասումը կասեցնել: Հերիք է այդ խելագարի որոշումները կատարեք»:

Նա դիմեց ոստիկանության աշխատողներից մեկին՝ նշելով. «Եթե իրենք առաջ եկան, դուք տանում եք բախման: Բախման մի տարեք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երբ «Դիմադրության» շարժման երթը հասավ քաղաքապետարանի շենքին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Քաղաքապետարանի շենքը շրջափակում ենք․ բոլոր 4 մուտքերը։ Շենք չենք մտնում, շրջապատում ենք, ձեռքերով շղթա կազմենք, պահենք»։ Դրանից հետո Դիմադրության երթի մեծաթիվ մասնակիցները շրջափակեցին քաղաքապետարանի բոլոր մուտքերը։

Ոստիկանության մեծաթիվ ուժերը, կարմիրբերետավորները շարժվեցին դեպի քաղաքապետարանի մուտքը, որպեսզի թույլ չտան մոտենալ մուտքին. հրմշտոց ու քաշքշուկ առաջացավ։

Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան, հեռացիր», «Առանց Նիկոլ՝ Հայաստան», «Առանց թուրքի՝ Հայաստան»։