Հայաստանն ու Իրանը ունենք քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակ, սակայն տնտեսական հարաբերությունների առումով, հաշվի առնելով առկա պոտենցիալը, դա գոհացուցիչ չէ և զիջում է քաղաքական հարաբերությունների մակարդակին, այս մասին այսօր Իրան–Հայաստան միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Իրանի էներգետիկայի նախարար Ալի-Աքբար Մեհրաբիանը։
Նախարարը նախ շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին Երևանում Իրան–Հայաստան միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի կազմակերպելու համար, ապա հավելեց, որ վերջին երկու տարվա ընթացքում կորոնավիրուսի պատճառով միջկառավարական հանձնաժողովների նիստերի կազմակերպումը հետաձգվել է։
«Իհարկե Քովիդի պատճառով ավելի քիչ հնարավորություն ընձեռվեց, որպեսզի զարգացնենք հարաբերությունները, բայց այսօր այդ պայմաններն այսօր լիովին բավարարված են և կարող ենք խոսել հարաբերությունների զարգացման մասին»,– ասաց նա։
Ալի-Աքբար Մեհրաբիանը նշեց, որ այսօրվա միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ ստորագրված փաստաթուղթը, մասնագետների և փորձագետների գնահատականով՝ ամենաբովանդակալից և ամենապարփակ փաստաթղթերից մեկն է, որի մեջ բոլոր ոլորտները շատ ընդլայնված ձևով ներկայացված են։
«Երկու երկրներն ունեն քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակ, շնորհակալություն եմ հայտնում երկու երկրների ժողովուրդներին և կառավարություններին դրա համար։ Տնտեսական հարաբերությունների առումով, հաշվի առնելով առկա պոտենցիալը, դա գոհացուցիչ չէ և զիջում է քաղաքական հարաբերությունների մակարդակին։ Երկու երկրների միջև առկա քաղաքական հարաբերությունների գերազանց մակարդակը խոսում է այն մասին, որ մենք պետք է տնտեսական հարաբերություններն էլ ավելի զարգացնելու մասին մտածենք, ապրանքաշրջանառության ծավալների մեծացման մասին պետք է մտածենք»,– ասաց նա։
Նախարարը նաև նշեց, որ թե հաշվի առնելով այն համաձայնությունները, որ առկա են երկու երկրների միջև էներգետիկայի, տրանսպորտային ուղիների, տարանցման ոլորտում, վկայում են այն մասին, որ մոտ ապագայում ականատեսը կլինենք երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների նշանակալի բարձրացմանը։











