«Դիմադրություն» շարժման մասնակիցները քիչ առաջ դատախազության շենքի մոտից երթով շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ժամը 19։00–ին սպասվում է հանրահավաք։

«Դիմադրություն» շարժումը դատախազության մոտ էր գնացել 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների կողքին լինելու եւ նրանց պահանջին միանալու համար։

Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները դիմել էին դատախազություն, որպեսզի ստանան տուժողի  դատավարական կարգավիճակ, ինչպես նաեւ  պահանջել էին, որ Նիկոլ Փաշինյանին ներգրավվեն որպես մեղադրյալ եւ կալանավորեն։

44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր, որ դատախազը ցուցում է տվել քննիչին Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար։

«Այս պահին Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու հարցը հետաձգված վիճակում է: Մենք հետամուտ ենք լինելու, որ Փաշինյանի հարցաքննությունն իրականացվի քննչական ստորաբաժանման շենքում, քանի որ նա ՀՀ որեւէ քաղաքացու առավելություն չունի, հատկապես, որ իր գործողություններում առկա են առերեւույթ հանցագործության հատկանիշներ»,-ասել էր  Վահան Հովհաննիսյանը: