Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 12–ին, ժամը 19։00–ին մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։
Այսօր Երեւանի տարբեր ուղղություններով ավտոերթեր են իրականացվել, ապա 16։00–ին շարժման մասնակիցները երթով շարժվել են գլխավոր դատախազության շենք, որտեղ բողոքի ակցիա էին անում 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները։ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդեւանյանը հայտարարել էր, որ գնում են ծնողների կողքին լինելու եւ նրանց պահանջին միանալու համար։
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները դիմել էին դատախազություն, որպեսզի ստանան տուժողի դատավարական կարգավիճակ, ինչպես նաեւ պահանջել էին, որ Նիկոլ Փաշինյանին ներգրավվեն որպես մեղադրյալ եւ կալանավորեն։
Ծնողների առաջին պահանջը բավարարվել է. 27 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ. եւս 15-ի վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել, գործընթացը շարունակվում է:
44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր, որ դատախազը ցուցում է տվել քննիչին Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար։











