Իշխանությունը կալանավորումների շարքով փորձում է ճնշել օրեցօր ավելի մեծ թափ հավաքող «Դիմադրություն» շարժումը, սակայն դա նրան չի հաջողվի։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Ֆրանսիայի հրապարակում շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Մեր կալանավորված եղբայրները, որոնք օրեր առաջ այս հարթակում կանգնած էին, չեն կոտրվել եւ ընդամենը մեկ խնդրանք ունեն՝ պայքարել մինչեւ վերջ։ Բոլոր ճնշումները մեզ ավելի են ուժեղացնում։ Ինչքան շատ են մեզ հետապնդում, այնքան ապացուցվում է, որ խուճապը մեծ է»,- ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ պայքարին պետք է միանան բոլորը՝ անկախ տարիքից, մասնագիտությունից, զբաղվածությունից, քաղաքական հայացքներից։

«Նայեք ձեր շուրջը․ մեզ հետ են գիտնական բժիշկներ, ուսանողներ, երիտասարդներ, գյուղացիներ, հետեւաբար՝ սա համաժողովրդական շարժում է։ Ամեն ինչ գնում է ճիշտ ճանապարհով։ Այս պայքարը հասցնելու ենք հաղթական ավարտի։ Հայաստանի եւ Արցախի ճակատագիրը որոշում է հայ ժողովուրդը՝ մեկ անգամ եւս հաստատելով՝ Նիկոլը չունի մանդատ երկիրն այս ճանապարհով տանելու։ Մենք հերթով գնալու ենք հակահայ ծրագրեր իրականացնողների հետեւից»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։