Ոստիկանների կողմից այսօր ոչ միայն անհամաչափ, այլ նաեւ հանցավոր ուժ կիրառվեց։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Ոստիկանության Էրեբունու բաժանմունքի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Ինքս ականատես եմ եղել, թե անչափահաս երեխաներից մեկին ինչ դաժանությամբ հարվածելով են տանում, մոտեցել եմ ոստիկաններին, գոռալով փորձում էի հասկացնել, որ անչափահաս է, ինձ հրեցին, ասելով, թե բաժնում կորոշեն։ Գրեթե բոլորի մոտ կան մարմնական վնասվածքներ։ Մարդկանց ապրանքի նման շպրտում էին մեքենան։ Այդպիսով քաղաքացիներին փորձում էին վախեցնել, որ խելոք մնացեք, մնացեք տանը, հանկարծ չհամարձակվեք պայքարել հանուն հայրենիքի»,- նշեց նա։
Փաստաբան Աբգար Պողոսյանի խոսքով՝ բերման ենթարկվածների մեջ կային մի շարք անձինք, որոնց ինքնազգացությունը վատացել էր, մեծամասնությունն ունեին նաեւ կապտուկներ.
«Անհամաչափ ուժ է կիրառվել։ Բերման ենթարկվածներից որեւէ մեկը չէր կարողանում պարզաբանել, թե ինչու են բերման ենթարկվել։ Վստահ եմ, որ մեծ խումբ զննում է տեսանյութերը, որպեսզի հասկանան, թե ում կարող են ազատությունից զրկել։ Ես կասկած չունեմ, որ հիմա սպասվում է ձերբակալությունների ցուցակը»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայիսի 30–ին Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի Կառավարության 3–րդ մասնաշենք՝ պարզելու Արցախի ապագա կարգավիճակի հարցով նախարարների դիրքորոշումները։ Երթի մեկնարկին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ շարժումն այսօրվանից սկսում է այցերը տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ հստակ պահանջով գնահատական տալ ընդդիմության հայտարարությանը, որն Ազգային ժողովում քննարկվելու է հունիսի 3-ին՝ ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում: Ընդդիմության մշակած հայտարարությունով ամրագրվում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին։ «Սա լավ հնարավորություն է շատ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց համար տարանջատվելու Նիկոլից եւ չկրելու երկրի կործանման պատասխանատվությունը»,– հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը։
Պատգամավորներին ոստիկանները թույլ չեն տվել մտնել շենք, ուժեղ հրմշտոց է սկսվել: Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բազմաթիվ ցուցարարների բերման են ենթարկել։ Մի քանի քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանության տվյալով՝ 111 քաղաքացի բերման է ենթարկվել, Իշխան Սաղաթելյանը հայտարարել է հարյուրավոր քաղաքացիների ոստիկանական բաժանմունքներ տանելու մասին։ Ոստիկանները բիրտ ուժ են գործադրել նաեւ պատգամավորների, անչափահասների նկատմամբ։











