Ամեն ինչ արվում է, որ մենք օր օրի վերականգնենք մեր կարողությունները, արվում է գիշեր-ցերեկ: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Դիտարկմանը, որ ընդդիմությունն ասում է՝ ինչո՞ւ մեր սահմանները չեն կահավորվում, անվադողերով են կահավորված, նա արձագանքեց. «Իրենք մինչեւ 2018 թվականը եղել են իշխանություն, եւ եթե Youtube-ում թերթեք մինչեւ 2018 թվականը, կտեսնեք, որ իրենք գովասանքի խոսքեր էին ասում անվադողեր հանձնողներին:

Իսկ մենք շատ բան անում ենք, եւ դա շոշափելի է: Դուք կարող եք Սյունիքի մարզում պայմանագրային հիմունքներով ծառայողներին հարցնեք՝ 6 ամիս առաջ ինչպես էր, հիմա ինչպես է, հսկայածավալ ինժեներական աշխատանքներ են իրականացվել: Հաշվի առեք, որ մեր սահմանի բնագիծը մեծացել է, փոխվել է, բայց 1-2 տարում հնարավոր չէ լուծել բոլոր խնդիրները:

Սահմանում կան վայրեր, որտեղ աշխատանքները լրիվ ավարտված են, կան վայրեր, որտեղ ինժեներական աշխատանքները շարունակվում են: Հավաստիացնում եմ, որ օրուգիշեր արվում է հնարավորինս, որ արագ լուծվեն բոլոր խնդիրները»:

Անդրադառնալով նրան, որ պարբերաբար բանակում սպանության կամ ինքնասպանության դեպքեր են գրանցվում, Արման Սահակյանն ասաց. «Ցավով եմ ասում, բայց հետպատերազմյան շրջանում դեպքերի որոշակի կարծես անընդհատություն է նկատվել, դա պայմանավորված է եղել հետպատերազմյան շրջանով, հոգեբանականով սկսած: Հաշվի առեք, որ տեղի ունեցած դեպքերին տրվում է համարժեք գնահատական, արագ արձագանք, քրեական հետապնդումներ: Որեւէ հրամանատար, եթե նույնիսկ հանդգնում է իր լիազորությունի դուրս րեւէ զինվորի նեղացնի, ինքը թե հասարակության արագ արձագանքին է արժանանում, թե նաեւ իրավական առումով»: