Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը անցել է լավ և կառուցողական մթնոլորտում: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Այնտեղ, որտեղ հանդիպումը տեղի է ունեցել, կառուցողական, նորմալ, մասնագիտական քննարկում է եղել։ Առաջին հանդիպման համար բավականին կարևոր հարցեր բարձրացվել են, աշխատանքի որոշակի օրակարգ է սահմանվել», - ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է անցել կառուցողական մթնոլորտում, եթե դրանից հետո հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ էր ստեղծվել, որի հետևանքով հակառակորդի կրակոցից զոհվել էր զինծառայող՝ Սանոսյանն արձագանքեց․ «Կոնկրետ տվյալ վայրի հանդիպումը եղել է կառուցողական, մասնագիտական,  նորմալ քննարկում, առաջին հանդիպման համար բավականին կարևոր հարցեր են բարձրացվել, աշխատանքային օրակարգ է սահմանվել:

Մենք պետք է ցավով արձանագրենք, որ այն համարում էինք կառուցողական, նորից եմ կրկնում՝ այդ հանդիպումը նորմալ է անցել մեր գնահատմամբ, բայց այսօր, նման միջադեպերը խանգարում են այն ամբողջ գործընթացին, որը տեղի է ունենում և շատ դատապարտելի է, երբ, որ նորմալ աշխատանքային փուլին կարող է հաջորդել նման վարքագիծ, որի արդյունքում մեր անմեղ տղաները, զինվորները, որոնք այնտեղ սահման են պաշտպանում, կարող են նման անմտությանը զոհ գնալ»:

Գնել Սանոսյանը հայտնեց, որ կողմերն սահմանների իրենց քարտեզներն ունեն և հանդիպումների ժամանակ կբերեն աշխատանքային դաշտ:

Հիշեցնենք՝ մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի էր ունեցել Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։