Մայիսի 22-ի հանդիպումից հետո մենք շարունակեցինք աշխատել Բրյուսելի հետ։ Այն հայտարարությունները, որոնք հնչում են եւ չեն համապատասխանում Բրյուսելում քննարկվածին, մենք դրանք քննարկում ենք գործընկերների հետ։ Այս մասին հունիսի 2-ին կայացած ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Պատասխանելով Երեւանի եւ Բաքվի միջեւ հակասությունների առկայության, սահմանին շարունակվող միջադեպերի մասին հարցին՝ ԱԽ քարտուղարն ասաց. «Սահմանին ցանկացած լարվածություն բացասաբար է անդրադառնում բոլոր գործընթացների վրա։ Սա է պատճառը, որ նախքան սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի սկիզբը, մենք առաջարկել ենք հայելային դուրս բերել զորքերը՝ սահմանին կայունություն ապահովելու համար։ Սահմաններին անվտանգությունը շարունակում է մնալ օրակարգում։ Մենք կքննարկենք հարցը եւ հուսով ենք՝ լուծումներ կգտնենք՝ սահմանին սրացումներ թույլ չտալու համար։ Ինչ վերաբերում է տարաձայնություններին, ապա կարծում եմ, որ հայկական կողմի հրապարակային հայտարարությունները համապատասխանում են նրան, ինչ քննարկվել է Բրյուսելում, եւ գործընթացին։ Այս հարցում մենք ձգտում ենք առավելագույնս թափանցիկ լինել եւ հանրությանը տեղեկացնել, թե ինչ է քննարկվել, այլ բան չի հաղորդվում։ Բնականաբար, բանակցություններ են ընթանում նաեւ այն պատճառով, որ կան տարաձայնություններ։ Հուսով ենք, որ բանակցությունների միջոցով հնարավոր կլինի հաղթահարել այդ տարաձայնությունները»։











