Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 2-ի ճեպազրույցում խուսափեց հաստատել «Արցախը Հայաստան է եւ վերջ» թեզը, որն այն ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, դեռեւս հանրային քննարկումների շրջանակներում Հայաստանը հայտարարել է այն փաստաթղթերի մասին, որոնց շրջանակներում տեսնում է բանակցային գործընթացը։ «Մենք շարունակում ենք շեշտադրել Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը եւ նրանց իրավունքները, որոնցից պետք է բխի կարգավիճակը։ Մենք համոզված ենք, որ իրավունքներն ու անվտանգությունն են որոշում կարգավիճակը։ Մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ եւ համոզված ենք, որ դա կարեւոր ուղղություն է, որտեղ աշխատելով արդյունքի կհասնենք»,- ասաց Գրիգորյանը։
Հարցին, թե կարո՞ղ է արդյոք հաստատել «Արցախը Հայաստան է եւ վերջ» թեզի վավերականությունը, Գրիգորյանն ասաց, որ այս հարցին բազմիցս պատասխանել են։ Հիշեցնենք, որ Գրիգորյանի նախորդները նույնպես փորձել են խուսափել թեզը բառացիորեն հնչեցնելուց՝ պատճառաբանելով, որ բանակցություններ են ընթանում։











