Ես զարմանում եմ, որ երբ ՀՀ վարչապետը, ԱԳ նախարարը, պատգամավորներ, վարչապետi աշխատակազմի ղեկավարը ասում են, որ միջանցքային տրամաբանության մեջ որևէ բան չի քննարկվում և Իլհամ Ալիևի ամեն հայտարարությունից հետո Հայաստանում դողէրոցք է սկսվում, թե «երկիրը ծախեցին», էքստերետերիալ որոշումների են գնում եւ այլն: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Ժողովու՛րդ, եկեք մենք մեզ հարգենք, ուրիշին թուրք անվանելով կամ Թուրքիային մեծարելով՝ մենք մեր հարցերը չենք լուծում, թուլություններն ենք դրանով ցույց տալիս, մեր վախերն ենք ցույց տալիս: Երբ որ դու մեկին անընդհատ թուրք ես անվանում, դա նշանակում է, որ դու սարսափներ ունես, եթե նույնիսկ ունես, դու պետք է գնաս դրա լուծմանը, թող Ալիևը հայտարարի, դուք էլ ուրիշ բան հայտարարեք», - ասաց նա:
Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի գործող իշխանությունը չափից ավելի ազնիվ է, ինչը շատ հաճախ չի օգնում: «Ներքին քննարկումների ժամանակ որոշ մեր գործընկերներ ասում են, այո՛, պետք է լինես սրիկա ու նենգ, որ որոշակի նպատակների հասնես, բայց մենք չենք գնալու այդ ճանապարհով, մենք շարունակելու ենք լինել ազնիվ ու արդար», - նշեց նա:
Հարությունյանի խոսքով՝ բանակցությունները պետք են նրա համար, որ դրա արդյունքում գնաս զիջումների, փոխզիջումների ու գտնես օպտիմալ տարբերակ: «Բանակցությունները փոխզիջումների համար են, ուրիշ տարբերակ չկա», - ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ է պատրաստ զիջել Հայաստանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Փոխզիջումները կախված են այն միջավայրից, այն բանակցությունների օրակարգից, որը կա, դու կարող է գնալ բանակցությունների՝ մտքումդ ունենալով, որ կարող ես գնալ փոքր փոխզիջումների, բայց գնաս ու շատ բան զիջես: Ժողովու՛րդ, դուք մեզանից ի՞նչ եք ուզում, որ մենք գնանք թույլ դիրքերից հանդես գա՞նք»:











