Շուրջ 7 տեղեկանքներ ուղարկվել են դատախազություն՝ տարբեր մարմիններում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում վեր հանված առերեւույթ իրավախախտումների վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով, որ այս պահին ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է անցկացնում 50-ից ավելի մարմիններում, այդ թվում մի շարք նախարարություններում, Երեւանի քաղաքապետարանում, մարզպետարաններում, «Հայփոստում»:
Հարցին, թե արդյոք ՊՎԾ-ն ուսումնասիրում է քաղաքապետարանում Հայկ Մարությանի պաշտոնավարման շրջանը, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Հայկ Մարությանի պաշտոնավարման դադարեցումը տեղի ունեցավ դեկտեմբերի 22-ին, բայց մինչ յդ ՊՎԾ-ում գործընթացներ էին մեկնարկել ուսումնասիրություններն սկսելու մի շարք բողոքների, այդ թվում նաեւ պլանային գործընթացներ իրականցնելու տրամաբանության մեջ: Այս շրջափուլում իրականացվող ուսումնասիրությունը խորհուրդ չեմ տա կապել պարոն Մարությանի հեռանալու հետ: Այս պահին տվյալներն ամփոփման փուլում են, շատ շուտով տեղեկատվություն կտրամադրվի»:











