Վաղը ՔՊ խմբակցության՝ ԱԺ չգալն իրենց քաղաքական մահախոսականը կլինի, որովհետև կդադարեն այլևս որպես քաղաքական գործոն լինել Հայաստանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով հունիսի 3-ին կայանալիք արտահերթ նիստին, որի օրակարգում Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներն ամրագրող հայտարարությունն է։
Հայտարարությունը հեղինակել է խորհրդարանական ընդդիմությունը։ Իշխող մեծամասնությունը տեղեկացրել է, որ արտահերթ նիստին չի մասնակցելու։
«Իրենց չգալով իրենք հաստատում են, որ մերժում են այդ օրակարգը՝ հիմար մեկնաբանությունով, որ Արցախը փորձում են ներառել ներքաղաքական թեմաների մեջ: Արցախը 1988-ից մինչեւ այսօր եւ եւս 30-50 տարի եղել է, կա եւ մնալու է Հայաստանի ներքին քաղաքական կարեւորագույն օրակարգը: Ինչքան էլ փորձեն ՔՊ-ական աղանավորները ասեն, որ դա այլեւս ներքաղաքական հարց չի, արտաքին քաղաքական հարց է, միեւնույն է, իրենց մոտ ոչինչ չի ստացվելու:
Չկա աշխարհում մի հայ, որն ինչ-որ ձևով դեմ արտահայտվի այն կետերին, որոնք դրված են հայտարարության մեջ։ Ուղղակի հնարավոր չէ դա։ Դրանք գոյաբանական, հայկական պետականության հիմքում դրված հարցեր են»,- ասաց Արթուր Ղազինյանը։
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց՝ ՔՊ խմբակցության անդամները, ԱԺ արտահերթ նիստին չգալով, հաստատում են, որ մերժում են հայանպաստ օրակարգը։
«Խորհուրդս է․ եթե մեջները մնացած, իրենց հայ համարող, հայկական շահին ծառայող մարդիկ կան, թող մի կողմ դնեն իրենց բոլոր պայմանավորվածությունները, վախերը Փաշինյանից և նրա փոքր թիվ կազմող խմբակից, վաղն արժանապատիվ ներկայանան նիստին ու ասեն՝ եկել ենք հաստատելու, որ հայ ենք, ծառայում ենք հայկական շահին։
Դեռ ժամանակ ունեք, որովհետև այն, ինչ կլինի վաղը, այլևս պատմության մեջ անջնջելի է մնալու»,- ասաց պատգամավորը։











