Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի թաքուն հանդիպումները անհանգստացնող են, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այսօրվա նրանց հանդիպումը կապ ունի վաղը ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստի հետ։

«Միանշանակ մեզ կոնկրետ անհանգստացնում են այդ հանդիպումները, որովհետև ճանաչելով ՀՀ վարչապետին, ինքը ամենահզոր մանիպուլյատորն է, որին երբևէ կարող ենք հանդիպած լինել, և չնայած Արայիկ Հարությունյանը չի զիջում իր խորամանկությամբ, ամեն դեպքում [Փաշինյանը] շատ հեշտ կարող է ազդել [նրա վրա] և այն մեսիջները, որ ուզում է փոխանցել բոլորին հանդարտեցնելու համար, այո, կարող է անել Արայիկ Հարությունյանի միջոցով, ինչը ես չեմ բացառում»,– ասաց նա՝ հավելելով, որ տեղյակ չեն, թե Արայիկ Հարությունյանը Արցախում է, թե ոչ։

Պատգամավորը, անդրադառնալով փաստին, որ իշխանությունները խուսափում են բառացի ասել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և պատճառաբանում են, թե դրանով կվնասեն բանակցային գործընթացին, ասաց, որ բանակցությունների հարցում շատ են իջեցրել նշաձողը։ «Այս խաղաղության օրակարգը մեզ ուղիղ տանում է Ադրբեջանին բռնակցելուն»,– ասաց նա։

Մետաքսե Հակոբյանը նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանը, երբ Հայաստանում առկա սոցիալական ծանր պայմաններում հայտարարում է, թե Հայաստանը Արցախի մեծ աջակցություն է տրամադրում, դրանով թշնամանք է սերմանում արցախցիների նկատմամբ։

«Մեր հայրենակիցներին, որոնք դրանից լարվում են ու սկսում են չսիրել իրենց հայրենակիցներին, առաջարկում եմ մեկ անգամ ուղղակի գալ Արցախ ու տեսնել, թե արդյոք մարդիկ այնտեղ ընդհանրապես ապրում են, թե ոչ»,– ասաց նա։