44-օրյա պատերազմի ընթացքում Հադրութից Երեւան տեղափոխված 17-ամյա Էլեն Ավետիսյանը Թաթուլ Կրպեյանի անվան համար 62 ավագ դպրոցում այսօր՝ հունիսի 3-ին, տոնեց իր Վերջին զանգը։

Էլենի ծնողները զինվորականներ են, նրանք մասնակցել են պատերազմին։ Պատերազմի սկզբում Էլենը տեղափոխվել է Տող գյուղ, իսկ պատերազմի հինգերորդ օրը մորաքրոջ երեխաների հետ տեղափոխվել Երեւան։

«Ինձ համար անսովոր է, որ ես դպրոցը չավարտեցի իմ Հադրութի դպրոցում։ Ընկերներս լուսանկարներ են գցում իրենց միջոցառումներից, ու ես շատ եմ տխրում, որ իրենց կողքին չեմ։ Ես իմ դասընկերների հետ միշտ պատկերացնում էի, թե ինչպես ենք անելու մեր Վերջին զանգը, ինչ ենք ասելու, ինչ ենք հագնելու, ինչպես ենք զարդարելու մեր բեմը։ Մենք վստահ էինք՝ մեր Վերջին զանգը պետք է լինի Հադրութի Միքայել Մանվելյանի անվան դպրոցի ամենաշքեղ Վերջին զանգը, բայց, ցավոք, չստացվեց»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Էլեն Ավետիսյանը։

Էլենի խոսքով՝ իրեն նոր դասարանում շատ ջերմ են ընդունել, եւ ինքը հեշտ է հարմարվել նոր միջավայրին։

«Շատ եմ կապվել այս դասարանի հետ։ Դժվար է իրենց հրաժեշտ տալը։ Տպավորություն է, թե 12 տարի իրենց հետ եմ սովորել»,- նշեց Էլենը։

Էլենը պատրաստվում է ընդունել Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։

«Հենց հարմար պահ գտնեմ, կգնամ Ստեփանակերտ, որովհետեւ Ստեփանակերտի հետ կապված ես նպատակներ ունեմ։ Ես կարծում եմ, որ մեր սերնդի շնորհիվ Արցախը զարգանալու է ու մենք կարողանալու ենք ազատագրել Արցախը»։